ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը՝ ի դեմս ՀԱԿ-ի, կոչ է անում Աշոտ Բլեյանը
«Առավոտ» 2-4-2010- Երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրվեցին արձանագրությունները, «Առավոտին» տված հարցազրույցում հայտնի հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է մեկ փաթեթում կարգավորվեն: Այս ընթացքում թուրքական կողմը գործընթացը հենց այդ ուղղությամբ էլ կարծես տանում էր: Արդյոք համընկնո՞ւմ են պարոն Բլեյանի պատկերացումներն այս իրականության հետ, ինչպե՞ս բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, նույնն է թե՝ փոխհամաձայնության գալ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ՝ «Առավոտի» հարցերին Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Այսպիսով, ինչի մասին չէ խոսքը, այլ՝ ինչպեսի: Ես չեմ օգտագործել ու չեմ գործածի «փոխզիջում» բառը։ Սերբիայի խորհրդարանին իր երեկվա որոշման համար, որով դատապարտում է 1995 թ. Սրեբրենիցայի դեպքերը, երբ սերբ զինյալները սպանել էին հազարավոր բոսնիացի խաղաղ բնակիչների եւ ներողություն խնդրել ոճրագործության համար, ես ասում եմ՝ բռավո։ Տեսեք՝ ինչ համերաշխ, խիզախ ու պատասխանատու գործեցին եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը։ Երեկվա համարյա մահապարտ Սերբիան, որ թվում էր ռուսական մեծապետականության պլացդարմ, որից թվում էր՝ Եվրոպան պրծում չի ունենա, այսօր ներկայացավ աշխարհին ժամանակակից դեմքով՝ որպես եվրոպացի սերբերի պետություն։ Սերբիայի խորհրդարանի որոշումը օրինակ է ոչ միայն թուրքերի կամ ադրբեջանցիների համար, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի։ Նման գործելակերպով միայն կարող ենք դուրս գալ խորացող փակուղուց»։ Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ, որ Թուրքիան առաջիններից էր, որ 1991-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը եւ մեզ համար դրամատիկ մի շրջանում՝ 1991-1992թթ., կանխեց կամ մեղմեց հումանիտար աղետը՝ հնարավոր դարձնելով Կարս-Գյումրի երկաթուղով հացամթերքի տեղափոխումը Հայաստան: Հիշեցնում է նաեւ, որ Ռուսաստանում, ռուս- վրացական եռօրյա պատերազմից անմիջապես հետո, մասնավորապես Մոսկվայում, բազում արգելքներ մտցվեցին ներգաղթյալների համար, իսկ տասնյակ-հազարավոր վրաստանցիներ մի քանի օրում պարզապես արտաքսվեցին Ռուսաստանից, որ տարիներ առաջ Գերմանիան վերացրեց բազում ճամբարներ, որտեղ բնակվում էին Գերմանիայում ոչ օրինական գտնվող մեծ թվով հայաստանցիներ: «Ես եղել եւ մնում եմ իրավապաշտպան, ով այսօր ապրող մարդու իրավունքը գերակա է համարում պատմական կոչվող արդարության նկատմամբ: 1988-ին, Արցախյան շարժմամբ կուրանալու չափ ոգեւորված, մենք չտեսնելու տվեցինք Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Դաշտային Արցախում բնակվող բյուրավոր հայ մարդկանց կյանքի իրավունքի պաշտպանությունը: Հենց միջպետական, բնականոն հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուղղված է այսօրվա մարդու իրավունքների պաշտպանությանը: Թվում է՝ այս եղելությունը նորից մոռացվում է, եւ առաջին պլանում է հայտնվում առանձին պետությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը»,- արձանագրում է մեր զրուցակիցը:
Եվ քանի որ ինքն անուղղելի լավատես է, հատկապես սերբական թարմ նախադեպից հետո, իդեալիստ՝ համոզված է, որ առանց երեւակայության եւ ստեղծական ուժի, առանց ներհայաստանյան համերաշխության՝ հաշտության ու ազատության հաստատումը մեզանում լուծում չունի. «Ես նույն ճանապարհն եմ տեսնում. օր առաջ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները՝ Նիկոլից սկսած եւ Սասունով վերջացրած: Կսկսվի նոր փուլ, որն է՝ իշխանության եւ ընդդիմության (Հայ ազգային կոնգրես) միջեւ երկխոսության ծավալումը, որը կընդգրկի հայ իրականության ներքին ու արտաքին առաջնահերթությունների քննարկումը, որով ձեռք կբերվեն համաձայնություններ, պայմանավորվածություններ՝ լուծումներ: Այդ լուծումները կվերաբերվեն ե՛ւ Արցախի կարգավորման խնդրին, ե՛ւ հասարակական կյանքի դեմոկրատացմանը, ե՛ւ տնտեսության առողջացմանը, ե՛ւ հերթական կամ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Համերաշխության-համաձայնության միջոցով միայն հնարավոր է մեր համեստ միջոցների աննախադեպ կազմակերպում՝ համախմբում: Իմ իմացածն այս է: Ես որպես հասարակական գործիչ, անհատ՝ գործում եմ այս տեսլականով, այս համոզմունքով: Չի լինի այս, կլինի այն՝ ինչ կլինի: Լաց ու ատամների կրճտոց: Մեր նոր շրջանի պատմությունը ուրիշները չեն հորինել: Եղել է, չէ՞»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Saturday, April 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment