Tuesday, April 6, 2010

Սերժ Սարգսյանը բացառում է վերադարձն անցյալին

Panorama.am.6-4-2010- Հայաստանը չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում խորհրդային ժամանկների օրինակով լայն ինքնավարությանը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` գերմանական «Շփիգել» հանդեսին տված հարցազրույցում: Նախագահը միաժամանակ նշել է, որ վերադարձ անցյալին նշանակում է Խորհրդային Միության վերականգնում, ինչի մասին խոսելն այսօր լուրջ չէ: «Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարող է լուծվել: Ցավոք, տպավորություն կա, թե նրանք ցանկանում են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Ադրբեջանցիները դեռևս կարծում են, թե Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում հայերի այնտեղ մնալն անհնարին կդարձվի»,- նշել է հանրապետության ղեկավարն ու արձագանքելով գերմանացի թղթակցի հարցին, թե ո՞րն է հայկական կողմի պատկերացրած ելքն, ասել. «Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարելի է լուծել: Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում»: Պատասխանելով գերմանացի լրագրողի հարցին, թե Հայաստանն արդյոք կհամաձայնվե՞ր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարության հետ, ինչպես խորհրդային ժամանակներում էր, նախագահ Սարգսյանը կտրականապես ժխտել է. «Իհարկե` ոչ: Վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` նշանակում է, որ կարճ ժամանակամիջոցում Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Տարածքը միայն 1923թ. Ստալինի ճնշման ներքո, կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ կցվել է Ադրբեջանին: Եվ որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, պետք է առնվազն վերականգնել Խորհրդային Միությունը: Չեմ կարծում, թե որևէ մեկը լրջորեն ցանկանում է դա»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: