Aysor.am. 09.04.2010- Այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունների ֆոնի վրա Ղարաբաղի կարգավորման ներկա գործընթացը նորմալ է գնահատում:
«Գնահատում եմ այդ գործընթացի փուլերից մեկը` որպես զուտ աշխատանքային, որևէ արտառոց բան չեմ տեսնում: Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ խնդրի լուծման բանալին միայն մեր ձեռքում չպետք է լինի: Սա կոնֆլիկտ է, որտեղ կա պայքար, կան բանակցություններ և խնդրի լուծումը կախված է բոլոր կողմերից: Ասում եմ բոլոր` նկատի ունենալով և' Հայաստանը, և' Ադրբեջանը, և' Ղարաբաղը, անշուշտ, նաև Մինսկի խումբը»,- ասաց երկրի ղեկավարը:
Նա նշեց, որ եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խնդիրը, մնացած բոլոր հարցերը շատ արագ կերպով կարող են լուծվել: «Խորհուրդ եմ տալիս մեր հանրությանը, որ առանձնապես չտարվեն այն մարդկանց «հեքիաթներով», որոնք պատմում են, թե մենք գտնվում ենք վատ վիճակի մեջ, որ բանակցությունները վատ են ընթանում, բանակցողները վատ են բանակցում, որ մենք փաստարկներ չունենք, արգումենտներ չենք ներկայացնում: Զավեշտալին այն է, որ այդ մասին խոսում են մարդիկ, ովքեր բանակցային գործընթացի այդ երկար փուլում եղել են կարևոր պատասխանատուներ, որոնց ճակատագիրը հնարավորություն էր տվել շատ արագ հայանպաստ լուծում գտնել, բայց, ինչպես տեսնում եք, ցավոք սրտի, պայքարը շարունակվում է»,- ասաց նախագահը:
Նախագահ Ս. Սարգսյանն ընդգծեց, որ գնահատական կարելի է տալ միայն ժամանակի ընացքում: «Դատավորը պատմությունն է: Եթե 15-20-30 տարի հետո մենք անդրադառնանք, այն ժամանակ կարող ենք գնահատել և ասել, թե այս բանակցողը լավ էր բանակցում, մյուսը` վատ, և դրա համար այդպիսի խնդիրներ ունեցանք: Բայց, փառք Աստծո, 2010 թվականի հեռավորությունից կարելի է ասել, որ 10-13 տարի առաջ ինչպիսի լուծում էին մեզ առաջարկում և, փառք Աստծո, մենք այդպիսի լուծման հետ չհամաձայնեցինք: Իսկ եթե մենք այդպիսի լուծման հետ չենք համաձայնել, այսուհետև մենք ավելի վատ լուծում կամ այդպիսի լուծում չենք կարող առաջարկել մեր ժողովրդին: Եվ սա ակնհայտ է»,- ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment