Aysor.am. 09.04.2010- Ադրբեջանի և Իսրայելի միջև անցյալ տարվանից սկսված և ինտենսիվորեն շարունակվող ռազմավարական մերձեցումը վերջերս նոր թափ է ստացել: Հայտնի է դարձել, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուց հետո առաջին անգամ Ադրբեջանն այդ երկիր որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ ուղարկում է արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովին, ով պետք է բանակցություններ վարի Իսրայելի արտաքին գործերի նախարարի և հատուկ ծառայությունների ղեկավարի հետ: Այս մասին գրում է մուսավաթ.քոմը:
Տեղեկացնելով այդ մասին` Իսրայելի դիվանագիտական շրջանակներին և հատուկ ծառայություններին մոտ կանգնած «IzRus»-ը հայտնել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի գլխավորությամբ Ադրբեջանի պատվիրակության այցն Իսրայել կտևի ապրիլի 12-ից 14-ը:
«Ենի մուսավաթ»-ը հավելել է, որ Ադրբեջանի «արտակարգ նախարարի» այցն Իսրայել չի սահմանափակվում միայն մասնագիտական շփումներով, այն քաղաքական բնույթ է կրում, և անվտանգության հարցերի հետ Ք.Հեյդարովին հանձնարարվել է Իսրայելում մի շարք կարևոր երկկողմանի հարցեր էլ քննարկել: Ք.Հեյդարովը Թել Ավիվում պետք է հանդիպի Իսրայելի պաշտպանության փոխնախարար Մաթան Վիլնաիի, արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի, ներքին անվտանգության նախարար Իսահակ Արոնովիչի և զբոսաշրջության նախարար Ստաս Միսեյնիկովի հետ: Ք.Հեյդարովը Հադեր քաղաքում պետք է դիտի Հեյդար Ալիևի անվան պուրակ հիմնելու համար առանձնացված վայրը և ծանոթանա Իսրայելի ոստիկանության աշխատանքին: Ծրագրվում են ներկայացուցչական այլ հանդիպումներ ևս:
Թերթը նշել է, որ Լիբերմանի` վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների հիման վրա Ադրբեջանի իշխանության մեջ ներկայացված խոշոր օլիգարխների, այդ թվում նաև Ք.Հեյդարովի հոլդինգները համագործակցություն են սկսել Իսրայելի հետ, ինչը խոսում է ադրբեջանցի օլիգարխների` հրեական պետության հետ ունեցած բավական սերտ հարաբերությունների մասին: Այսինքն` Ադրբեջանի իշխանությունը Իսրայելի հետ հարաբերություններն օգտագործում է ևերկրի դիրքերն ամրապնդելու, և շահավետ բիզնես ստեղծելու համար:
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի մերձեցումն Իսրայելին տեղի է ունենում վերջինիս և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատացման ֆոնին: Միևնույն ժամանակ, Բաքվի և Թել Ավիվի միջև մերձեցմանն անհանգստությամբ է հետևում Իրանը: Օրերս Իրանի հետախուզական ծառայությունը գաղտնի զեկույց է ներկայացրել խորհրդարան` Ադրբեջանում Իսրայելի ազդեցության մեծացման մասին, հայտնել է «Ենի մուսավաթը»:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment