Saturday, April 10, 2010

ՍԻՆԻՐԼԻՕՂԼՈՒԻ ՆՊԱՏԱԿԸ ՍԱՐԳՍՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼԸ ՉԷՐ

Նա Երեւան էր գործուղվել ստուգելու հայ-թուրքական արձանագրություններիՙ ՀՀ Ազգային ժողովում վավերացման հավանականությունը «ԱԶԳ, 09-04-2010- Մինչ հայաստանյան ու թուրքական մամուլն աշխուժորեն քննարկում էր ՀՀ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպման հավանականությունը Վաշինգտոնում, նախորդ օրը անակնկալ այցով Երեւան ժամանեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Երեւանում նրան նախ ընդունեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա եւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ընդունելությանը Սինիրլիօղլունը ՀՀ նախագահին փոխանցեց Թուրքիայի վարչապետի նամակը: «Ազգի» երկվա համարում մեր աշխատակցուհի Աղավնի Հարությունյանը լուսաբանել է Սինիրլիօղլուի երեւանյան հանդիպումները, անդրադառնալով նաեւ վարչապետ Էրդողանի նամակին: ՀՀ նախագահին հասցեագրված այս նամակին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը, ընդ որում հենց նամակագրիՙ Էրդողանի խոսքերով, որը տվյալ պահին պաշտոնական այցով Փարիզում էր: Թուրք լրագրողի «Վաշինգտոնում հանդիպելո՞ւ եք Սարգսյանի հետ, ի՞նչ զարգացումներ կան կապված արձանագրությունների հետ» հարցին ի պատասխան վարչապետ էրդողանն ասել է. «Ինչպես գիտեք, Սարգսյանի հետ հանդիպման ենք ուղարկել մեր հատուկ ներկայացուցչին: Ես նամակ եմ գրել իրենց: Նամակս այսօր պետք է փոխանցված լինի: Պատասխանն ստանալուն պես կորոշեմ: Ես հանդիպմանը դրական եմ մոտենում: Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ապա ասեմ, որ մենք միջազգային իրավունքի շրջանակում պայմանավորվածություններին հավատարմության սկզբունքը հարգող պետություն ենք: Մշտապես հավատարմությամբ կվերաբերվենք այն արձանագրություններին, որոնց տակ ստորագրել ենք Շվեյցարիայում: Քանի դեռ արտառոց իրավիճակ չի ստեղծվել, ապա հետքայլի մասին խոսք լինել չի կարող: Թուրքիան ուրիշներին հիշողություն պարտադրելու ցանկություն չունի, սակայն ուրիշներն էլ չպետք է Թուրքիային իրենց հիշողությունները պարտադրեն: Եթե յուրաքանչյուր պետություն առաջնորդվի այս մոտեցմամբ եւ փոխադարձ հավատարմությամբ կատարի իր պարտավորությունը, ապա հարցի (Ցեղասպանության) պատմական հանձնաժողովում լուծումը կդառնա թերեւս ամենանախընտրելի լուծում: Թուրքիան կանի ամեն ինչ այդ հարցում (արձանագրությունների), ինչ իրենից կախված է: Սակայն դրա իրականացումը (Ցեղասպանության ճանաչման) տարբեր երկրների խորհրդարաններում ստեղծված լոբբիինգի միջոցով, ոչ մի բանի չի նպաստի, ընդհակառակըՙ կդժվարացնի գործընթացը (նորմալացման): Դա բազմիցս նշել ենք: Ներկա պահին գործընթացը դժվարացման փուլում է: Հուսանք, որ կմտնի դրական հունի մեջ»: ՀՀ նախագահին հասցեագրած նամակի բովանդակության մասին Էրդողանի ասածները որքանո՞վ են համապատասխանում դրա տեքստին, չգիտենք: Բայց որ նա Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների «տառին եւ ոգուն հավատարմության» խոստումներով Հայոց ցեղասպանության հարցի հետ պայմանավորում է ոչ միայն հայ-թուրքական նորմալացման գործընթացը, այլեւ ՀՀ նախագահի հետ Վաշինգտոնում նախատեսվող հանդիպումը, ակնհայտ է: Քանի որ մեծ է հանդիպման նկատմամբ ամերիկյան վարչակարգի շահագրգռությունը, ուստի արձանագրություններին հավատարմության մասին Էրդողանի խոսքերը, որոնցով նա բացառում է նաեւ Հայաստանի հետ սկզբնավորված նորմալացման գործընթացից թուրքական կողմի նահանջը, պետք է վերագրել արձանագրությունների վավերացման հարցում ցուցաբերած խուսափողականության պատասխանատվությունը թոթափելու Անկարայի նկատառումներին, իսկ ՀՀ նախագահին նամակով դիմելըՙ վաշինգտոնյան հանդիպմանը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու պատրաստակամության պատրանքով ներկայանալու դրսեւորում, որպեսզի լիարժեք չսպառվի թուրքական կողմի նախաձեռնության հնարավորությունը: Այլ կերպ, որքան էլ Սինիրլիօղլուի Երեւան գործուղումն Անկարան պայմանավորի ՀՀ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման հնարավորությունը պարզելու առաջարկով, իրականում բուն խնդիրը Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նախաձեռնությունն է, որը թուրքական կողմը զիջել է Երեւանին: Եթե ՀՀ Ազգային ժողովը նախքան վարչապետ Էրդողանի հետ նախագահ Սարգսյանի հանդիպումը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա հանդիպման նախաձեռնությունը նույնպես կանցնի Երեւանին, մանավանդ որ Վաշինգտոնն Անկարայից արձանագրությունների վավերացումն է պահանջում, իսկ Եվրոհանձնաժողովը ԵՄ-ինՙ Թուրքիայի անդամակցության նախապայման է համարում դրանց վավերացումը: Թերեւս այդ առումով պատահական չէր Թուրքիայի արտգործնախարարության ապրիլի 7-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է. «Թուրքիան իր հարեւանիՙ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում ի սկզբանե քաղաքական հզոր կամք է դրսեւորել: Հետեւաբար կարիք չունի, որ իր ստանձնած առաքելության մասին հիշեցնեն Թուրքիային»: Այս ամենը հիմք է տալիս ենթադելու, որ Սինիրլիօղլուն Երեւան է գործուղվել ոչ թե պաշտոնական Վաշինգտոնի ընդգծված շահագրգռությամբ, նախապես կանխորոշված Սարգսյան-Էրդողան հանդիպման հնարավորությունները պարզելու, այլ հանդիպումից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ՀՀ Ազգային ժողովում վավերացման հավանականությունն ստուգելու առաջադրանքով: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: