Saturday, April 10, 2010

ԷՐԴՈՂԱՆ. «ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄՏՆԵԼՈՒ»

«ԱԶԳ, 09-04-2010- Բոսնիայի մահմեդականներով խիտ բնակեցված մայրաքաղաք Սարաեւոյում երկուշաբթի օրը Էրդողանն ակնհայտ սարկազմով ասել է. «Եթե չեն կամենում, որ ԵՄ-ում լինենք, մենք ոչինչ չենք կորցնի, բայց իրենց որոշմամբ քրիստոնեական ակումբ են դառնում», ապրիլի 7-ի համարում գրում է ավստրիական «Դեր Շտանդարտը»: Էրդողանը հատուկ նպատակով էր «քրիստոնեական ակումբ» արտահայտությունը մի վայրում անում, ուր դա սպառնալից է հնչում: Անգելա Մերկելի այցից հետո եւ Ֆրանսիա գնալուց առաջ, ուր Սարկոզիին պիտի հանդիպեր, Թուրքիայի ԵՄ անդամակցության երկու ընդդիմադիրներին վարչապետ Էրդողանը հասկանալ է տալիս, որ թույլ չի տա իրեն ղեկավարել: «Մենք կատարում ենք մեր հանձնարարությունները եւ հաշվարկում ենք, որ վաղ թե ուշ ԵՄ ենք մտնելու», Սարաեւոյում հստակեցրել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետն անուղղակի հասկացրել է, թե իր ղեկավարած պետությունը խնդրահարույց երկրի դերակատարում չի ստանձնելու, այլ նպաստելու է առկա խնդիրների լուծմանը: Խնդիրների թվում վարչապետը նկատի ունի նաեւ Բոսնիան, որի համար Թուրքիան կարեւորագույն գործընկեր է, եւ Սարաեւոյում Էրդողանի արտասանած խոսքերը քաջալերող կարող են լինել: Այն հանգամանքը, որ Շենգենյան ազատ վիզային ռեժիմին միացել են Սերբիան, Մակեդոնիան եւ Մոնտենեգրոն, Բոսնիայում, Ալբանիայում եւ Կոսովոյում ապրող բալկանյան մահմեդականներին ԵՄ-ից լքված լինելու զգացողությամբ է պարուրում: Սարաեւոյում Էրդողանը մասնակցել է Թուրքիայի ֆինանսավորած համալսարանի բացման արարողությանը: Այն թրքուհիները, ովքեր գլխաշոր կրելու արգելքի պատճառով հայրենիքում չեն ուզում կրթություն ստանալ, կարող են ուսումը Բոսնիայում շարունակել: «Անկարեւոր էՙ ընդհանուր սահման ունենք, թե ոչ: Այս երկիրը հարեւան ենք նկատում: Բոսնիայի հանդեպ մեր պատմական պատասխանատվությունից ելնելով ոչ մի անգամ դժվարության մեջ մենակ չենք թողնելու», ասել է Էրդողանըՙ հիշատակելով, թե Բոսնիան 400 տարուց ավելի Օսմանյան կայսրության մաս է եղել, իրազեկում է ավստրիական «Դեր Շտանդարտը»: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: