Saturday, April 24, 2010

Եթե Իտալիան, Գերմանիան ընդունել են իրենց սխալները, ինչու՞ չպետք է այդպես վարվի նաեւ Թուրքիան

Haynews.am.24-4-2010- Ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլյորիին, ով Իտալիայի խորհրդարանն է ներկայացնելու ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իտալացի խորհրդարանականին` այս օրերին Հայաստանում գտնվելու համար, նշելով, որ յուրաքանչյուր երկիր պիտի դատապարտի ցեղասպանությունը, որովհետեւ այն հանցագործություն է ոչ թե մի ժողովրդի հանդեպ, այլեւ համայն մարդկության նկատմամբ, եւ նման ոճրագործությունների դատապարտումը կկանխի հետագայում դրանց կրկնվելը: Հայաստանի խորհրդարանի նախագահի խոսքերով` ճիշտ եւ միջազգային հանրության կողմից գնահատելի կլինի, եթե Թուրքիան ինքն ընդունի հայոց ցեղասպանության փաստը: Ռիկարդո Միլյորին նշեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է ընդունի իր պատմական սխալները. եթե Իտալիան, Գերմանիան արել են դա, ինչու՞ չպետք է այդպես վարվի նաեւ Թուրքիան: ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադառնալով հայ- թուրքական արջանագրություններին եւ դրանց հետեւած գործընթացներին` նշեց, որ մինչ Հայաստանը պատրաստակամ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, Թուրքիայի իշխանություններն անընդհատ խուսանավում են, անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերում, արձանագրությունները կապում ԼՂ հակամարտության հետ, ինչը անընդունելի է Հայաստանի համար: Եւ մեր երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իտալիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը կարեւորեց մադրիդյան սկզբունքները, նշելով, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական, եւ ոչ թե ռազմական ճանապարհով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են հարաբերությունները կարգավորելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու քաղաքականություն: Բարձր գնահատելով ԵԱՀԿ ԽՎ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու եւ հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշի օբյեկտիվ մասնակցությունը ԼՂ հակամարտության շուրջ քննարկումներին` Հովիկ Աբրահամյանը ասաց, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ ճանապարհով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեությունը եւ համագործակցությունն այդ կառույցի հետ` պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել հարաբերությունները: Զրուցակիցները անդրադարձան նաեւ նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերին: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը արձանագրեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել կապերը Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների միջեւ: Ռիկարդո Միլյորին հույս հայտնեց, որ իր այցը կնպաստի հարաբերությունների սերտացմանը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը իտալացի խորհրդարանականի միջոցով իր ողջույնները փոխանցեց Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիիին եւ վերահաստատեց Հայաստան այցելելու` նրան ուղղված իր հրավերը:

No comments: