Հայկական կողմը միայն “կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը,” այսինքն չստեղծեց նոր իրավիճակ, այլ առկա իրավիճակին տվեց փաստաթղթային ձևակերպում: Ի դեպ, “հայկական կողմ” ասելով ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանին` միմիայն: Իհարկե, սույն քայլը փաթեթավորված էր ավանդական “ընդառաջելով աշխատավորների բազում խնդրանքներին” գունաթղթով, այն է “ հաշվի առնելով Հայաստանի ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարարությունը” պարբերությամբ, սակայն ակնհայտ է, որ որոշումը միանձնյա էր:
Եթե Սերժ Սարգսյանն անգամ սրանից հետո վաղը խորհրդարանին հանձնարարի վավերցնել արձանագրությունները, ապա խարհրդարանը նույնպիսի աշակերտական ջանասիրությամբ դա կանի: Պարզապես այդ օրը ճառերը մի փոքր այլ բովանդակությամբ կլինեն, բայց նրանց արտասանողների դեմքերի արտահայտությունը կմնա նույնքան հերոսական: Ցավալի է, որ մենք խորհրդարան չունենք: Պետությունը փախչում է մեր ոտքի տակից ու մենք, ընդհանուր առմամբ, գնալով ավելի ու ավելի քիչ պետություն ենք ունենում: Այսօր մեկ պաշտոնյայի քաղաքական կամքը լիովին դուրս է մղել քաղաքական որոշում կայացնելու պետության գործառույթը: Սա ցավալիորեն նոր երևույթ չէ: Այսօր ավարտին է մոտենում մի գործընթաց, որը սկսվել և խորանալու հակում ուներ դեռ նախորդ երկու նախագահների օրոք: Պարզապես չարաբաստիկ արձանագրություններն ավելի ակնառու դարձրեցին իրավիճակի անհեթեթությունը:
Այսուհանդերձ, արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման բուն քայլը պետք է գնահատել որպես քայլ ճիշտ ուղղությամբ` անհրաժեշտ, բայց որ բավարար քայլ: Հուսանք, որ քայլերը շարունակական կլինեն, քանի որ ամեն մի ճանապարհ առաջին քայլից է սկսում:
Ո՞րն է այս ամենի մեջ ամենակարևորը: Կարծում եմ դրանք պետք է լինեն հետևություններն ու դասերը: Իր նորագույն պատմության ընթացքում հայոց նորանկախ պետականությունն առաջին անգամ լուրջ քաղաքական փորձության ենթարկվեց և ակնհայտորեն ձախողվեց: Հիմա բաժակաճառերի ժամանակը չէ, պետք է ընդունել` ձախողումը կատարյալ է և բացարձակ: Ուրիշ ինչպե՞ս կարելի է անվանել մի արդյունք, երբ պետությունն իր առջև երկու խնդիր էր դրել` դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, և երկուսում էլ զրոյական արդյունք է: Իսկ արդյո՞ք հնարավորություն կար արդյունքի հասնելու: Կարծում եմ` այո: Բուն սխալն արձանագրությունների ոչ թե նպատակի, այլ արձանագրությունների բովանդակության մեջ էր: Դրանք գերբեռնված էին բազմիմաստ ձևակերպումներով և երկուստեք անընդունելի դրույթներով: Կարծում եմ, որ այս արձանագրությունները դիվանագիտության պատմության մեջ կմնան որպես բարդագույն հարցերը գրչի մի հարվածով լուծելու անպատասխանատու փորձի վառ օրինակներ: Ի սկզբանե էր բառը և բառը սխալ էր: Եթե արձանագրություններն երկու պարբերությամբ ամրագրեին հռչակված նպատակները, ապա մենք այսօր այլ իրավիճակ կունենայինք: Ինձ կարող են առարկել, թե թուրքերը դրան չէին գնա: Չէին գնա` մենք էլ չէինք ստորագրի, ինչպես չենք ստորագրել առնվազն մի տասնհինգ տարի: Հետո սահմանը բացելու այլ ձևեր ևս կան` ի վերջո Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է նրա իսկ ստանձնած միջազգային պատարավորություններին:
Իհարկե այս օրեին իրենց գլխներին շատերը դափնեպսակ կդնեն, սակայն ազնվորեն պիտի խոստովանել` արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մեղքն ու շնորհքը Թուրքիայինն է, մեկ էլ արձանագրությունները մեր կողմից բանակցողներինը: Եթե Թուրքիան բավարարվեր Հայաստանի Հանրապետության տարածքների ռազմակալման (օկուպացիա) de jure հաստատագրումով (որն ամրագրված է գոյություն ունեցող սահմանի ճանաչմամբ) և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին մահացու հարված հասցնելով (որն ամրագրված է պատմության հարթության հարցերի հանձնաժողովի ստեղծումով), ապա արձանագրություններն անխոս կվավերացվեին: Սակայն Թուրքիան ցուցաբերեց, ինչպես միշտ, քաղաքական անկշտություն: Նա իր ունեցած նախաճաշին և ճաշին, որպես ընթրիք ուզեց ավելացնել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ երկու հարցի` ա/. ինչո՞ւ էր դա ուզում անել և
բ/. ի՞նչ հիմքեր ուներ դրա համար:
ա/. Թուրքիայի նպատակը եղել և մնում է հայոց պետականության կործանումը: Ուզում եմ հստակեցնել` կործանում ասածը պետք չէ հասկանալ միայն քայլող քարավանների և կանանց ու երեխաների վաճառքի շուկաների տեսքով, ինչպես անցյալում էր: Այսօր իրավիճակն աշխարհում փոխվել է: Այսօր հայոց պետականության կործանումն իրականացվում է պետականության գործառույթների չեզոքացման ճանապարհով: Երբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ետ կանգնի իր տարածքային, նյութական և բարոյական կորուստները վերականգնելու ձգտումից, այն ժամանակ էլ այն կդադարի պետություն լինելուց: Կոյուղագծերը և ջրագծերը փոխելու, թոշակները բաժանելու կամ հարկերն հավաքելու համար պետականություն պետք չէ: Դա կարելի է անել նաև պրովինցիայի կամ վիլայեթի մակարդակով: Հայաստանը կարելի է կործանել կամազուրկ և ապազգային Հայաստանի Հանրապետություն կոչվող թուրքական պրոտեկտորատի ստեղծումով: Թուրքիայի համար ակնհայտ է, որ այս ճանապարհին Լեռնային Ղարաբաղն անհաղթահարելի խոչընդոտ է: Քանի դեռ հայերը չեն համաձայնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու հետ, իսկ դա սկսվելու է սիրուն բառերի ներքո Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կայացած համակարգը կործանելուց, ուրեմն նրանք դեռ պահպանում են ազգ մնալու կամքի վերջին փշուրները: Թուրքական հետևողական պնդումները` նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանուն հայ-թուքական հարաբերություններին ուղիղ և փոխաբերական իմաստով մատաղ անելուն, կապ չունեն Ադրբեջանի շահերի հետ: Եթե հարցը վերաբերեր միայն Ադրբեջանի շահերին, ապա Թուրքիան հաճույքով այն աճուրդի կհաներ, ինչպես, օրինակ, արեց 1920թ. ապրիլին: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու թուրքական քաղաքականությունը պայմանավորված է բուն Թուրքիայի շահերով, այն է` հայերին պետություն ունեցող, բայց պետականազուրկ ազգ դարձնելու ձգտումով: Պետականությունը պետության պատյանը չէ, այլ ազգային շահերը հետամտելու կամքը և դրանք կյանքի կոչելու կարողությունը:
բ/. Իսկ ի՞նչ հիմքեր ուներ Թուրքիան նման նկրտումների համար: Կարծում եմ կան և այդ հիմքերը մենք ենք տվել թուրքերին: Երբ արձանագրություններով այդքան դյուրությամբ հրաժավեցինք մեր հայրենիքից և սակարկաման առարկա դարձրեցին մինչևիսկ մեր մեծագույն ողբերգությունը, արձանագրությունները դարձան խիստ ախորժաբեր` ախարժակն ուտելիս է բացվում: Իր քաղաքական որկրամուլությամբ հայտնի Թուրքիայի առջև դնել նման պատառ և Թուրքիայից ժուժկալություն ակնկալել, առնվազն միամտություն էր և է: Ի վերջո պատահական չէ, որ թուրքերի տոտեմը գորշ գայլն է` միակ կենդանին, որ սպանում է ոչ թե կշտանալու, այլ սպանելու համար:
Հետևաբար, մենք թուրքերի հետ միասին, թեև ոչ նույն չափով, կիսում ենք հայ-թուրքական միջպետական հարաբերությունների սկզբնավորումը (անհեթեթ է, երբ գործածում են հաշտություն կամ նորմալացում բառերը) ձախողելու համար: Մենք ասելով ես նկատի ունեմ, այն պաշտոնյաներին, ովքեր բանակցել և նախաստորագրել են տխրահռչակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնց մեջ ի սկզբանե դրված էին դանդաղ գործող բազմաթիվ ականներ: Մեր քաղաքական սակրավորները իրենց գործը չեն արել, որի հետևանքով մենք չարդարացված վնասներ ենք կրում և կրելու ենք: Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև պետական բոլոր այն պաշտոնյաները, ներառյալ պատգամավորները, և այսպես կոչված գիտնականները, ովքեր աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից և ի պաշտոնե պարտավոր էին խոսելու, մատնացույց անելու ականները, սակայն մորթապաշտորեն լռեցին: Պատասխանատու պիտի լինեն բոլորը, ովքեր իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստեցին այս իրավիճակի առաջացմանը:
Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Ազգային ժողովի և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը կլինի հետաքննել, թե ինչպե՞ս ընդունելի գաղափարը, այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահանի բացումը, փչացվեց և ի վերջո հասցվեց մահվան դուռը, ապա դեռ պետություն ենք ու ազգ ենք: Եթե հանձնաժողովը պարզի և մեզ կպարզաբանի, թե ինչպե՞ս եղավ, որ չարաբաստիկ արձանագրությունների բանակցային գործընթացն ու նախաստորագրումը տեղի ունեցան գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով, թե ինչպե՞ս արձանագրությունների մեջ տեղ գտան հակասահմանադրական դրույթներ (հիշենք, որ Սահմանադրական դատարանը տվեց իրավական դիրքորոշում-մեկնաբանություն և միայն դա հաշվի առնելով տվեց իր դրական եզարակացությունը), ուրեմն նախագահն իսկապես նպատակ ունի վիճակը շտկել:
Եթե ոչ, ուրեմն նախագահի հայ-թուրքական արձանագրությունները կասեցնող հրամագիրը զուտ ձևական բնույթ ունի և հերթական անգամ ճիշտը Չարենցն է.
- Ողջույն արխադաշ Ալուն,
- Հաղթանակ գործին Իլյիչի:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
23 ապրիլի 2010թ.
Saturday, April 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment