Tert.am. 5-4-2010- Այսօր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը կվերադառնա Վաշինգտոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը նախապատրաստելու նպատակով։ Բացի առանձին հանդիպումներից, այցի շրջանակում Էրդողանը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Նույն միջոցառմանը հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը, որը, նախատեսվածի համաձայն, պետք է հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Չի բացառվում, որ գագաթնաժողովի շրջանակում կայանա Օբամա-Էրդողան-Սարգսյան եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Независимая Газета-ն։
Ըստ ռուսական պարբերականի՝ Վաշինգտոնն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Անկարայի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը վերջնականապես կանգ չառնի։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ պարբերականը նշում է, որ այն ամենին, ինչին թվում էր, թե պատրաստ են Հայաստանի և Թուրքիայի քաղաքական առաջնորդները, պարզվեց, որ պատրաստ չէին երկու երկրների հասարակություններն ու պահպանողական քաղաքական շերտերը։ Թուրքիայում կարծիք ձևավորվեց, թե իշխանությունները, ապասառեցնելով Երևանի հետ հարաբերությունները, ճակատագրի քմահաճույքին են թողնում երկրի ռազմավարական գործընկերոջը՝ Ադրբեջանին՝ չլուծված ԼՂ հակամարտությամբ։ Նույն տեսակետը հայտնեց նաև պաշտոնական Բաքուն, որը խստացրեց եղբայրական Թուրքիա մատակարարվող գազի գնային քաղաքականությունը։ Իրավիճակը փորձեց փրկել Թուրքիայի վարչապետը, որն այդ շրջանում աչքի ընկավ Երևանի հասցեին կոշտ հայտարարություններով. «հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ ԼՂ-ն իր հարակից տարածքներով չի վերադարձվել Ադրբեջանին, և հայկական կողմը սկզբունքորեն չի հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզարշավից»։
Ի պատասխան, Երևանը կոշտացրեց իր դիրքորոշումը։ Հայկական կողմը հայտարարեց, որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի «շվեյցարական արձանագրությունները» միայն այն ժամանակյ, երբ դրանք կվավերացնեն թուրք գործընկերները։ Իր հերթին՝ Թուրքիայի խորհրդարանը «կորցրեց» «շվեյցարական արձանագրությունները» հանձնաժողովներից մեկում՝ որպես պատրվակ նշելով մե´կ Ղարաբաղի հիմնախնդիրը, մե´կ Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը, ինչը, ըստ թուրքական կողմի, «չի համապատասխանում «շվեյցարական արձանագրությունների» տառին և ոգուն»։
Ինչպես գրում է Независимая Газета-ն, այս օրերին Երևանում ասում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն ընդունել է անշրջելի բնույթ։ Այս կարգի հայտարարությունները բոլորովին էլ խիստ լավատեսական չեն թվում, երբ հաշվի ենք առնում Թուրքիայում ընթացող վերջին լուրջ զարգացումները։ Թուրքական առաջատար թերթերին տված հարցազրույցներում որոշ տեղացի պատմաբաններ, փաստաբաններ և իրավագետներ իշխանություններին կոչ են անում չգնալ հոսանքին հակառակ, ճանաչել հայերի զանգվածային սպանությունների և արտաքսման փաստերը, որոնց գագաթնակետը եղավ 1915 թվականը, և վերջակետ դնել թուրքական պետության պատմության այդ ողբերգական էջերին։
Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նման հայտարարությունները խստորեն պատժվում էին օրենքով, գիտնականներն այժմ ազատության մեջ են։ Դրա վառ ապացույցն է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բեյդեմիրը, որը տարածաշրջանային համաժողովներից մեկում պաշտոնապես ներողություն խնդրեց հայ ժողովրդից, որը «մինչև 1915թ. կազմել է Դիարբեքիրի բնակչության գրեթե կեսը», և նրանց համարձակորեն կոչ արեց վերադառնալ իրենց հայրենի հողերը։ «Ներողության ոչ մի խոսքեր չեն կարող թեթևացնել այդ ողբերգությունը...Դուք ստիպված էիք հեռանալ, բայց հավատացեք՝ կորցրել եք ոչ թե դուք, այլ մենք, ովքեր մնացին այստեղ։ Դուք ձեզ հետ տարաք հաջողությունն ու խաղաղությունը»,- նշել է Դիարբեքիրի քաղաքապետը։
Նման ոչ դյուրին արտաքին և ներքաղաքական ֆոնի վրա Էրդողանը ստիպված կլինի բանակցություններ վարել Բարաք Օբամայի և, հավանաբար, Սերժ Սարգսյանի հետ Անկարայի համար ցավոտ հարցերի շուրջ։ Նրա սպառնալիքներն ու վերջնագրերը, պարզվեց, այդքան էլ արդյունավետ չէին։ Այդ պատճառով չի բացառվում, որ այժմ Էրդողանը ստիպված կլինի մտրակից հետո քաղցրաբլիթ կիրառել։
Monday, April 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment