«ԱրմենիաՆաուի» 15-6-2010- Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում հաղթած և խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանի նախագահի թեկնածու է առաջադրել իր մրցակից Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանին: Ղուլյանը, որը նախկին խորհրդարանում նույն պաշտոնն էր զբաղեցնում, նախագահ է ընտրվել 29 կողմ ձայներով (33 հոգանոց օրենսդիր մարմնում):
Ղուլյանն ավելի ուշ հայտարարել է, որ իր թեկնածությունը և ընտրվելը ապացուցում են, որ «Ղարաբաղի քաղաքական դաշտում գոյություն ունի համերաշխություն»:
Մայիսի 23-ին անցկացված ընտրություններից հետո Ղարաբաղի խորհրդարանում աննշան փոփոխություններ են տեղի ունեցել: Պատգամավորները փոքր-ինչ «երիտասարդացել» են, մի քանի նոր դեմքեր են հայտնվել, դաշնակցականների թիվը 2-ից հասել է 8-ի, և միայն այդքանը:
«Մենք այնքան փոքր երկիր ենք, չես հասկանում, թե ինչո´ւ այսքան կուսակցություններ կան: Թող մի կուսակցություն լինի` Արցախի կուսակցությունը, որը կփորձի հասնել հանրապետության անկախության ճանաչմանը»,- կարծում է ստեփանակերտցի թոշակառու Լևոն Սարգսյանը: Ըստ նրա` Արցախի համար յոթ կուսակցությունը չափազանց շատ է: Ընդ որում, կուսակցությունների ծրագրերը շատ քիչ են տարբերվում` ամեն տեղ նույն բառերն են ժողովրդավարության և բարեկեցության մասին:
Խորհրդարանի վերընտրված նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով` դժվար թե ինչ-որ բան փոխվի Ազգային ժողովի գործունեության մեջ: Առաջին հերթին, գրեթե չի փոխվել խորհրդարանի կազմը, երկրորդ` արտաքին և ներքին քաղաքականության հիմնահարցերի շուրջ խորհրդարանական կուսակցությունները նույն դիրքորոշումն ունեն: Մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ խորհրդարանական երեք կուսակցությունները էլ կարծում են, որ կարգավորումը պետք է իրականացվի ԼՂՀ սահմանադրությանը համապատասխան, որով սահմանված են հանրապետության ներկայիս սահմանները:
Կուսակցությունների միջև աննշան տարաձայնություններ կան սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի շուրջ: Ժողովրդավարական կուսակցությունը, որը 33 անդամ ունեցող խորհրդարանում 10 տեղ ունի, ժողովրդավարական արժեքների կողմնակից է, սակայն հասկանում է, որ հետպատերազմյան Ղարաբաղում առանց սոցիալական գծի իրատեսական չէ մտածել ժողովրդավարության մասին: «Ազատ հայրենիքը» նույնպես կողմ է տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածությանը:
Ղարաբաղի կառավարությունը, որը գլխավորում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը, միջազգայնորեն չճանաչված հանրապետության բյուջեի ավելի քան 60 տոկոսը հատկացնում է սոցիալական ծրագրերին: Իսկ դաշնակցությունը հենց սոցիալիստական կուսակցություն է և նույնիսկ Սոցինտերնի անդամ: Ընդսմին, դատելով խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորությամբ` առաջիկա 5 տարիների ընթացքում Ղարաբաղում սպասվում է սոցիալական ուղղվածությամբ քաղաքականություն` առանց քաղաքական տարուբերումների:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ պաշտոնների բաշխման համաձայնությունները նախապես են կայացվել` անկախ ընտրությունների արդյունքներից: Սակայն հասկանալի չէ, թե «Ազատ հայրենիք» կուսակցության ինչի՞ն էր պետք բավական կոշտ ու լարված նախընտրական քարոզարշավ անցկացնել, եթե նա խորհրդարանում նախագահելու մտադրություն չուներ:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment