Wednesday, April 7, 2010

ԵՄ-ն Հայաստանին ու Թուրքիային կոչ է անում վավերացնել Արձանագրությունները

Tert.am. 6-4-2010- Հայաստանին և Թուրքիային ուղղված հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` կողմերին կոչ անելով ողջամիտ ժամկետներում վավերացնել Արձանագրությունները: «Եվրամիությունը քաջալերում է Հայաստանի և Թուրքիային միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և երկու երկրներին կոչ է անում վավերացնել և իրագործել երկկողմանի Արձանագրություններն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Այս առումով ԵՄ-ն ողջունում է Արձանագրությունները խորհրդարան ուղարկելու Հայաստանի նախագահի որոշումը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը`Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատարիմ մնալու մասին: Եվրամիությունը հավատացած է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմանի հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարևոր ներդրում կլինի Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և համագործակցության մեջ: ԵՄ-ն կշարունակի տրամադրել իր քաղաքական և տեխնիկական աջակցությունը այս գործընթացին և պատրաստ է օգնել իրականացնելու երկու երկրների միջև համաձայնեցված քայլերը»,- նշվում է հայտարարությունում:

No comments: