Tert.am. 1-4-2010- Թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է, որ Թուրքիայի կողմից սահմանի բացումը հայերի համար այնքան էլ կենսական նշանակություն չունի, և որ հայերն այնքան էլ աղքատ չեն, որ զգան թուրքերի կարիքը:
Թուրք վերլուծաբանը, համեմատելով Հայաստանում տիրող իրավիճակը 1990-ականների հետ, գրում է, որ այսօր դրությունը բոլորովին այլ է. աշխուժություն է նկատվում կյանքի բոլոր բնագավառներում, և այն տեսակետը, թե հայերն այնքան աղքատ են, որ ուզում են` րոպե առաջ բացվի հայ-թուրքական սահմանը, չի համապատասխանում իրականությանը:
«Երկար ժամանակ շրջանառվող մի հեքիաթի համաձայն` Հայաստանն այնքան աղքատ է, այնքան աղքատ, որ ժողովուրդը րոպե առաջ ուզում է, որ բացվի Թուրքիայի հետ սահմանը: Այդ դեպքում կկարողանան հեշտությամբ գալ Թուրքիա կամ առևտրաշրջանառության ծավալների աճի հետ մեկտեղ կբարձրանա նրանց կենսամակարդակը: Սակայն այս հեքիաթը հավանաբար որոշ չափով կսազեր 1990-ականներին»,- գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը` ընդգծելով, որ այսօրվա Հայաստանը բոլորովին այլ է:
«Սակայն իմ ասածներից պետք չէ ենթադրել, թե Հայաստանը հարուստ երկիր է, իսկ այնտեղ ապրող մարդկանց մի ձեռքը՝ մեղրի, մյուսն էլ` յուղի մեջ է: Իմ ասածն այն է, որ աղքատություն չկա: Հայաստանի ընդհանուր վիճակը ներկայացնելու համար ավելի ճիշտ կլինի գործածել «միջին կենսամակարդակ» արտահայտությունը: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ հայերը պատրաստ չեն ամեն ինչ տալ սահմանի բացման համար և կարող են շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում են վերջին 17 տարիներին փակ սահմանների պայմաններում»,- գրում է թուրք վերլուծաբանը` միևնույն ժամանակ նշելով, որ սահմանի բացումը, իհարկե, զգալի չափով կթեթևացնի հայ ժողովրդի կյանքը:
«Եթե սահմանը բացվի, Հայաստանը կազատվի էմբարգոյի պես մի բանից և կյանքն ավելի կթեթևանա: Անմիջապես հաջորդ օրը չի հարստանա, սակայն մի շարք բնագավառներում առաջընթաց տեղի կունենա… Օրինակ` Հայաստանը Թուրքիայի միջոցով կբացվի Եվրոպայի շուկաների համար: Այդ դեպքում կմեծանան արտահանման ծավալները, իսկ ներմուծումն ավելի քիչ ծախսատար կլինի: Կարող է օգտվել Թուրքիայի սևծովյան և միջերկրածովյան նավահանգիստներից... Հայաստանը կկարողանա էներգիա վաճառել Թուրքիային: Էներգակիրների բնագավառում կմեծանա Հայաստանի դերակատարությունը… Իսկ եթե սահմանները չբացվեն, Հայաստանը աղքատությունից չի տանջվի»,- գրում է Մեհմեդ Ալի Բիրանդը:
Թուրք վերլուծաբանը նշում է նաև, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կշահի նաև Թուրքիան:
«Չպետք է մոռանալ, որ Թուրքիան նույնպես կշահի սահմանի բացման դեպքում: Օրինակ` կակտիվանա առևտուրը Վանում և Կարսում, վերելք կապրի զբոսաշրջությունը: Թուրքական ապրանքներն ավելի էժան գներով կմտնեն հայկական շուկա (հիմա մտնում են Իրանով կամ Վրաստանով, և արտահանումը շատ թանկ է): Եվ որ ամենակարևորն է, Թուրքիան ավելի հեշտությամբ և ավելի էժան գներով կարող է հասնել Միջին Ասիայի շուկա»,- նշում է Մեհմեդ Ալի Բիրանդը:
Friday, April 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment