Saturday, May 22, 2010

«Մի 3-4 սերունդ հետո այստեղ այլևս հայերեն խոսող չի լինելու»

Դոցենտի համոզմամբ` իշխանությունները պետք է բացահայտ հայտարարեն, եթե իսկապես սա են ուզում «Եթե կարճ ձևակերպենք, մեր բնորոշմամբ` «Լեզվի մասին» օրենքի այդ կետի փոփոխությունը նշանակում է հայոց լեզվի և հայ ազգի վերացման գործընթացի սկիզբը դնել: Այսինքն` լեզվափոխության և ազգափոխության սկիզբն են նրանք դնում: Դրա հետևանքը, ասենք, 30 տարի հետո լինելու է այն, որ ոչ հայերեն է լինելու, ոչ էլ հայ ազգ է լինելու: Մենք կտրականապես դեմ ենք օրենքը փոխելուն»,- մայիսի 20-ին կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Զաքարյանը` մեկնաբանելով օտարալեզու էլիտար դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությունը: Հետևանքը, դոցենտի համոզմամբ, լինելու է այն, որ վերնախավային դպրոցներ են առաջանալու, բոլորը բնազդաբար ձգտելու են այդ դպրոցներ: Ի վերջո, բոլոր հայալեզու դպրոցներն աստիճանաբար կդառնան օտարալեզու, բայց ոչ վերնախավային. վերնախավայինը կմնա վերնախավային: Ազգը, նախ, լեզվափոխ կլինի, հետո կվերանա: Այս երևույթի օրինակներն արդեն կան արտասահմանի գաղթավայրերում: Որտեղ պետությանը ձեռնտու չի եղել, որ հայկական համայնքը գոյատևում է, պետությունը հարկադրել է, որ հայերը հրաժարվեն հայալեզու կրթությունից: Կամ էլ հայերն ինքնակամ են հրաժարվել հայալեզու դպրոցներից, եթե չեն ցանկացել պարփակված մնալ այդ ազգի մեջ: Երկու դեպքում էլ արդյունքում 3-4 սերունդ հետո տվյալ գաղութը վերացել է: Օրինակ` Լեհաստանում հայկական մեծ գաղութ կար, բայց երբ այդ երկրում փակեցին հայկական դպրոցները, հայկական գաղութը այնպես ձուլվեց, որ այսօր չեն էլ հիշում, որ հայ են: Մերձավոր Արևելքում հայալեզու դպրոցներ կային, և գաղութները շատ լավ գոյատևում էին: Սակայն այդ պետությունները պահանջեցին, որ հայկական դպրոցներում ուսուցումը լինի տվյալ երկրի պետական լեզվով, իսկ հայոց լեզուն լինի միայն ուսուցանվող առարկա: Որպես հետևանք` այդ գաղութները այսօր քանդվում են, մարդիկ այլևս չեն ուզում իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոց: 2-3 սերունդ հետո այդ գաղութները ևս կմարեն: Այս պատճառով է Վրաստանը ամեն կերպ ճնշում, որ Ջավախքի հայալեզու դպրոցները դառնան վրացալեզու, իսկ հայերենը ուսուցանվի ընդամենը որպես առարկա: «Եթե նույնը մեզ մոտ անեն, արդյունքը նույնն է լինելու. մի 3-4 սերունդ հետո այստեղ այլևս հայերեն խոսող չի լինելու, և հայ ազգը, ի վերջո, վերանալու է: Խորհրդային տարիների օրինակը` մեր աչքի առաջ. հենց մեր ներսում` մեր Հայաստանում, առաջացել էր մի ստվար զանգված, որը այլևս հայերեն չէր խոսում, հայերեն գրեթե չգիտեր, ոչ միայն հայկական մշակույթի կրողը չէր, այլև ծանոթ չէր, և նրանք արդեն իրենց հայ ինքնությունը հաճախ ատում էին: Այստեղ նրանք ուղղակի չէին կարողանում բացահայտ հրաժարվել իրենց ինքնությունից, բայց հերիք էր գնային Ռուսաստան` ազգանունն էլ էին փոխում, և այլևս հայ չէին: Իսկ եթե նրանք մեծամասնություն դառնան, բնականաբար, հենց այստեղ` տեղում, նրանք այլևս իրենց հայ չեն համարի, և հայ ազգը կմեռնի»,- ասաց Հովհաննես Զաքարյանը: Նրա համոզմամբ` իշխանությունները պետք է բացահայտ հայտարարեն, եթե իսկապես սա են ուզում: «Եթե այս երկիրը հայկական պետություն է, այսինքն` նրա գերխնդիրը հայ ազգի գոյատևումը ապահովելն է, ապա այսպիսի քայլ պիտի չարվի: Եթե մեր այդ գլխավոր, առանցքային երաշխիքը` հայալեզու կրթական համակարգ ունենալը, վերացվեց, այսինքն` օրենքը փոխվեց, ուրեմն սկսվելու է հայ ազգի վերացման գործընթացը: Իրականությունը սա է: Մնացածը` գեղեցիկ խոսքերը և այլն, ընդամենը խաբելու, մարդկանց մոլորեցնելու համար են: Եթե իշխանությունները գործարարությամբ են զբաղվում, ուրեմն նրանց համար ազգ, ազգային զգացում և այլն, կարելի է ասել, չկա, որովհետև գործարարությանը դա հակասում է: Հետևաբար, զարմանալի չէ, որ նրանց քաղաքական որոշումը կարող են նաև լինել, այսպես ասած, հակազգային կամ ազգակործան»,- ասաց Հովհաննես Զաքարյանը: Բանախոսի համոզմամբ` նման ծրագիրը անցկացնելու համար իշխանությունը պետք է ամբոխավարության դիմի, ժողովրդին խաբելու ինչ-որ ձև գտնի: Օրինակն այն է, որ անընդհատ ասում են, թե օրենքի փոփոխության նպատակն է «միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովել»: Ստացվում է, որ Հայաստանի հայալեզու դպրոցներում բարձրորակ կրթություն «անհնար է տալ», և դրա «մեղքը հայոց լեզվինն է»: Մինչդեռ խնդիրն այն է, որ մինչև հիմա Կրթության նախարարությունը չի զբաղվել այն հարցով, որ մենք հայալեզու դպրոցներում իրոք ունենայիք միջազգային չափանիշների բավարարող կրթություն: Օրինակ, անկախության տարիներից ի վեր դպրոցներում սկսեցին անգլերեն սովորել արդեն 1-ին դասարանից, և ըստ ուսումնական ծրագրերի` դպրոցն ավարտելիս երեխան պետք է ազատ տիրապետեր անգլերենի, սակայն այսօր ունենք գրեթե զրոյական մակարդակ: Փոքրաթիվ դպրոցներ, իրենց ղեկավարների ջանքերի շնորհիվ, կարողացել են բարձրանալ ընդհանուր միջին մակարդակից: Ունենք լավ օրինակներ, երբ հայալեզու կրթություն ստացած հայն այնքան լավ է տիրապետում օտար լեզվուների, որ ուսումը շարունակում է արտասահմանյան համալսարաններում, կարողանում է համաժամանակյա թարգմանություններ անել, այսինքն` հավասարապես տիրապետում է 2 լեզվի: «Եթե կարելի է հայկական կրթությամբ այդպես լեզու սովորել, էլ ինչո՞ւ ենք մենք ընկել ինչ-որ ուրիշ բաների հետևից, որոնք իրենց հետևանքներով շատ կործանարար կարող են լինել: Ստացվում է, որ այս 20 տարում մեր երկրում մեր կրթության կազմակերպիչները ժողովրդին խաբելով են զբաղված: Նրանք ծրագրերը կազմել են, պետականորեն հաստատել են, համապատասխան դասագրքեր են գրվում, պատվիրվում, վճարվում, այդ դասատուներն են վճարվում, բայց արդյունքում մենք ոչինչ չունենք: Այսինքն` գործը տապալված է: Այսօր հայտարարում են, որ հայկական դպրոցում դա անհնար է, բայց այդ դեպքում այդ ծրագրերը իրենք են հաստատել: Թող չհաստատեին, հենց սկզբից գլխի ընկնեին, որ դա անհնար է: Բայց իրականում անհնար չէ»,- ասաց Հովհաննես Զաքարյանը: Նա բերեց Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի օրինակը: Այս երկրներում մայրենի լեզվով կրթություն տվող դպրոցներում լավագույնս կարողանում են մայրենիի հիմքի վրա և օտար լեզուներ սովորեցնել, և ցանկացած այլ առարկա: Մինչդեռ այսօր Հայաստանում երեխաները դպրոցում չեն սովորում ոչ միայն օտար լեզուներ, այլև մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն, իսկ ընդունելության քննություններին պատրաստվելիս հույսը դնում են կրկնուսույցների և ոչ թե դպրոցի վրա: «Մի խոսքով, մեզ մոտ կրթական համակարգը ավերված է: Հիմա այդ ավերակի ֆոնի վրա հայտարարում են, որ «գիտեք, օտարալեզու կրթությամբ մենք ձեզ բարձր մակարդակի կրթություն կհրամցնենք», և դրանով ուզում են ժողովրդին համոզել»,- ասաց Հովհաննես Զաքարյանը: Մասնագետի համոզմամբ` մի երկրում 2 տեսակի դպրոց չի կարող լինել, որովհետև ծրագիրը, կրթության համակարգը պետք է միասնական լինեն, և օտարալեզու դպրոցները տալու են շրջանավարտներ, որոնք կարգին չեն տիրապետելու երկրի պետական լեզվին: Նա նաև կեղծիք է համարում այն թեզը, թե հայերենով հնարավոր չէ ծանոթանալ համաշխարհային գրականությանը, գիտությանը: Դոցենտը նշեց, որ մենք թարգմանել ենք համաշխարհային գրականությունը: Այսօր կա նաև համաշխարհային ընթացիկ մշակույթը հայերենով ունենալու հնարավորություն: Պարզապես պետք է վճարել Հայաստանի բազմաթիվ թարգմանիչներին: Բանախոսը զուգահեռ անցկացրեց Հայաստանի և Ուկրաինայի կրթության նախարարների արած հայտարարությունների միջև: Համեմատությունից պարզ է դառնում, թե ով ինչ քաղաքականություն է վարում: Ուկրաինայի կրթության նախարարը հայտարարել է, որ իրենք պետք է հարստացնեն ինտերնետում ուկրաիներենով բովանդակությունը, և դրա համար ինքը հատուկ ծրագիր է մշակել և պարտադրել ուսումնական ու գիտական հաստատություններին, որ ինտերնետի էլեկտրոնային գրադարանները հագեցնեն ուկրաիներեն գրականությամբ: «Նա ուկրաիներենի շահերի մասին է մտածում: Իսկ մեր նախարարը, ընդհակառակը, անում է մի բան` ընդդեմ հայերենի շահերի»,- ասաց Հովհաննես Զաքարյանը: Նա համոզված է, որ միայն ռուսական դպրոցներով հարցը չի ավարտվի, և այն երևանցիները, ովքեր մինչև Արցախյան շարժումը լսում էին Բաքու` ադրբեջանական երաժշտություն, պահանջելու են, որ Հայաստանում բացվեն թուրքական դպրոցներ: «ՀԵՏՔ» 21-5-2010

No comments: