![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgEj53g69SMgYHZb83ZvAzmQ8P3sTBhPtAdl5pPWKZatYI2GoqAyzAbMmIiSdaM_ToEskVm_ImKl692ALZusrcdIOQ9bJimqb6Ym2z8pa309z8kNNDeXrXWcE_4MgMDRCXljShyphenhyphenu3XPfJLb/s200/karen+Avakian,Web.jpg)
7or.am. 18-5-2010- ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, որ օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը լակմուսային թղթի նման բացահայտել է հասարակական, քաղաքական և մտավորական որոշ շրջանակների՝ անառողջ, անազնիվ և երկերեսանի լինելու հանգամանքը։
-Հայ-ադրբեջանական եղբայրության աշուղը՝ ժամանակին կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը սկսել է խոսել հայրենասիրությունից։ Իրենց երեխաներին արտասահմանյան դպրոցներ ուղեգրած նախկին և ներկա մի շարք պաշտոնյաներ առանց վարանելու հայտարարում են, որ օտարալեզու կրթությունը կաղճատի հայի կերպը։ Լեզվաբանական շրջանակների որոշ մասնագետներ իրենց արատավոր հայրենասիրությամբ առիթը բաց չեն թողնում իրենց մաղձը արտահայտել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։ Քաղաքական կուսակցություններից մեկը, որի հենարանն ու ապավենն արտասահմանում սովորող մեր սփյուռքահայությունն է, պնդում է, որ նման կրթությունը սպանում է հայի ինքնությանը։ Խորհրդարանական մեկ այլ կուսակցություն ոչ միայն հընթացս փոխում է սեփական կարծիքը, այլև, մասնակցելով փակ քննարկումներից մեկին, հետո, առանց ամաչելու, օգտագործում է այդ քննարկումներում հնչած տեղեկատվությունը՝ միաժամանակ պայքար ծավալելով և վարկաբեկելով մեր հայոց բանակը։ Ստեղծագործական միություններից մեկը, որն աչքի է ընկնում ոչ թե հայ գրականության համար ստեղծված գոհարներով, այլ սկանդալային ու խայտառակ կեցվածքով, հիմա խոսում է լեզվի կարևորության մասին։ Ուլտրալիբերալիստները սկսել են ցիտել Գարեգին Նժդեհին։ Ընկերական և մարդկային խոր մտրեմիկ հարաբերությունների պատմություն ունեցող մարդիկ խարդավանքների և ինտրիգների ակտիվ մասնակիցներ են դարձել։ Եվ զավեշտն այն է, որ վերամբարձ դատողությունն են անում ոչ միայն որոշ մտավորականներ, որոնք զարթնում են միայն անշառ թեմաների ժամանակ, այլ նաև նրանք (ինչպես որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են), որոնց վատ աշխատանքի պատճառով ընդունվում են հակահայկական բանաձևեր։ Այո՛, իրապես զարմանալի ժամանակներում ենք ապրում, երբ երկրի, պետության շահերը կարող են ստորադասվել ճղճիմ անձնական շահերին,-հայտարարել է Կ. Ավագյանը։
No comments:
Post a Comment