Wednesday, May 19, 2010

«Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից»

Aysor.am. 18.05.2010- «Ստիպված եմ թուրք ղեկավարներին երկնքից իջեցնել ներքև, որպեսզի նրանք ավելի իրատեսորեն նայեն աշխարհին»,- հայտարարեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառանալով թուրք պաշտոնյաների` վերջերս արած հայտարարություններին և ընդգծեց. «Թուրքիան պետք է հասկանա, որ ինքը չի կարող միջնորդ լինել Ղարաբաղի հարցում և Մինսկի համանախագահության ձևաչափն այլընտրանք չունի»: Պատգամավորը Թուրքիային առաջարկեց «անհեթեթ և անհիմն հայտարարություններ անելու փոխարեն զբաղվել ներքին խնդիրներով, մասնավորապես` թուրքական զորքերը հանել բռնակցված Կիպրոսից, որի տարածքի 38 տոկոսը Թուրքիան օկուպացված է պահում 35 տարի շարունակ»: Նշելով, որ իրականությունից հեռու հայտարարությունների առումով իր ավագ եղբայր Էրդողանից առաջ անցավ նաև կրտսեր Ալիևը` նշելով, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զինուժը ազատագրված տարածքներից», Է. Շարմազանովը Ալիևին հշեցրեց, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում»: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ նրա` «Ադրբեջանը նախ և առաջ պետք է իր զորքերը դուրս բերի Շահումյանից ու Գետաշենից, և իր կողմից բռնազավթված հայկական մյուս քաղաքներից, որ այնտեղ վերադարձվեն հայ փախստականները»: «Այսօր Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է` իր կառույցներով, բանակով, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով, և ի դեմս Արցախի` միջազգային հանրությունը գործ ունի ազատության, ինքնիշխանության, ժողովրդավարական իդեալները դավանող արդիական հանրապետության հետ»,- ընդգծեց Է. Շարմազանովը: Պատգամավորն իր խոսքն ամփոփեց` հայությանը և հատկապես արցախահայությանը շնորհավորելով այս օրվա` Լաչինի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ` շեշտելով, որ «Արցախի անկախությունը և վերամիավորումը Մայր Հայաստանի հետ այլընտրանք չունի»: «Կեցցե անկախ, ազատ ու հայկական Արցախը»,- ամփոփելով իր խոսքը` հայտարարեց Է. Շարմազանովը:

No comments: