Sunday, May 9, 2010

Մարտահրավերները դեռ առջևում են, սխալվելու առիթներ շատ չունենք

Սիրելի հայրենակիցներ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Արցախյան ազատամարտի նվիրյալներ Մայիսի 9-ին լրանում է մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող երկու հաղթանակների՝ գերմանական ֆաշիզմի ջախջախման 65-րդ եւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձերը: Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերաններին` բարձր գնահատելով նրանց անձնուրաց ու հերոսական պայքարը: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանը եւ հայ ժողովուրդը փրկվեց մի նոր կոտորածի սպառնալիքից, գուցե և իսպառ ոչնչացումից: Ուստի խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած եւ այդ հաղթանակը կերտելու համար իրենց կյանքը զոհաբերած հարյուր հազարավոր մեր հերոսների հիշատակի առջեւ: Շնորհավորում ենք նաև Արցախյան պատերազմի, մասնավորապես, Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին` հրամանատարությանն ու մարտիկներին: Շուշիի ազատագրումը որպես Ղարաբաղյան հաղթարշավի սկիզբ և խորհրդանիշ, ոչ միայն հայրենի հողի ազատագրում էր, այլեւ բարոյահոգեբանական եւ քաղաքական վերելքի նոր սկիզբ` համայն հայության և հայոց նորագույն պատմության համար: Մեր խորազգաց հարգանքի տուրքն ենք մատուցում նաև Արցախյան պատերազմի ընթացքում զավակներ, եղբայրներ ու քույրեր կորցրած նվիրյալ ընտանիքներին, որոնք քաջաբար կանգնեցին ճակատում պատերազմող հերոսների թիկունքին` մեծ վիշտ եւ դառնություն ապրելով հանդերձ` Հայությանը պարգևելով Արցախի և Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրման 18-ամյակի և զինադադարի կնքման 16-ամյակի առթիվ, Հայաստանի ու Սփյուռքի հայությանը, քաղաքական բոլոր ուժերին և, առաջին հերթին, Հայոց պետականությանը մաղթում ենք իմաստություն, հավաքական շահի գիտակցություն, հետևողականություն և կազմակերպվածություն: Մարտահրավերները դեռ առջևում են, սխալվելու առիթներ շատ չունենք: Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Europe) 9 մայիսի 2010 թ.

No comments: