Wednesday, May 19, 2010

Արեգ Ղուկասյան. «Ի՞նչ է, Էրդողանը մեր միջնո՞րդն է դարձել»

7or.am. 19-5-2010- Վերջին օրերին թուրքական և ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Բաքու է այցելել, որպեսզի Ադրբեջանին համոզի՝ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում 7 շրջանի փոխարեն առայժմ սահմանափակվել 2-ով՝ Ֆիզուլիով ու Քելբաջարով։ ՀՀԿ խմբակցության անդամ, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը սա համարում է Ադրբեջանի և Թուրքիայի ներքին սպառման համար արված տեղեկատվություն։ -Ո՞ւմից պետք է Էրդողանն այդ առաջարկը ստանար, որ գնար Բաքու՝ համոզելու։ Անհարին բան եմ համարում, որ այսօր ինչ-որ մեկը կարող է Էրդողանին նման առաջարկ անել Հայաստանից (իհարկե, բոլորս նկատի ունենք նախագահին), որ Էրդողանն էլ գնա Բաքու։ Ի՞նչ է, Էրդողանը մեր միջնո՞րդն է դարձել։ Համոզված եմ, որ դա իրենց ներքին սպառման համար ինֆորմացիա է, ուրիշ ոչ մի բան,-«7օր»-ին ասել է Ա. Ղուկասյանը։ Նա նաև նշել է, թե թուրքական և ադրբեջանական մամուլում շատ տեղեկություններ են հրապարակվում, բայց դրանց 90%-ը սուտ է։ Ինչ վերաբերում հարցին, թե կո՞ղմ է ԼՂ-ի անվտանգության գոտու տարածքներից որևէ մեկի հանձնմանը, թեկուզ և ինքնորոշման իրավունքի դիմաց, Ա. Ղուկասյանը պատասխանել է. -Իմ կարծիքը մնում է նույն ՀՀ նախագահի և ՀՀԿ կուսակցության կարծիքը։ Բանակցություններում ամենակարևոր հարցն այսօր Ղարաբաղի կարգավիճակն է։ Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո մնացած հարցերը կարելի է քննարկել։ Այսօր այդ հարցը չի քննարկվում, քանի որ Ղարաբաղի կարգավիճակը մինչև այսօր լուծված չէ։

No comments: