Aysor.am. 25-5-2010- Aysor.am-ի բացառիկ հարցազրույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ:
- Ինչպիսի՞ն է օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների Ձեր գնահատականը:
- Կարծում եմ` ընտրությունները, որոնք կայացան Լեռնային Ղարաբաղում, դրական երևույթ են և հասկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն ընդգծում են ժողովրդավարության կարևորությունը: Ես հռետորական հարց կտամ. «Իսկ ինչ է, ավելի լավ կլինե՞ր, եթե այնտեղ ռազմական դիկտատուրա լիներ: Գուցե դա՞ ձեռնտու լիներ միջազգային հանրությանը և համանախագահներին»: Իհարկե, ոչ: Ես հոռետեսորեն եմ վերաբերում նրան, որ Մինսկի խմբի համանախագահները տարբեր տիպի բացասական մտքեր են արտահայտում այդ կապակցութամբ: Ես կարծում եմ, որ չի կարելի ինչ որ այլ երկրներում սերել ժողովրդավարություն, իսկ այստեղ` լրիվ այլ բան: Այո, կան իրավական բնույթի խնդիրներ, կա Լեռնային Ղարաբաղի չճանաչվածությունը, սակայն այդ խնդիրները ժամանակավոր են, իսկ կասկածի տակ դնել հենց ժողովրդավարական գործընթացի փաստը իմաստ չունի:
- Ինչպե՞ս եք կարծում` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ինչու՞ այդ ձևաչափը ավելի ու ավելի քիչ է բավարարում Ադրբեջանին:
- Ադրբեջանում շատ մեծ են տատանումները. նրանք մերթ ամբողջովին չեն ճանաչում և վարկաբեկում են Մինսկի խումբը, մերթ նախագահը տալիս է ինչ որ դրական գնահատականներ: Իրականում, այստեղ պետք է առավել հստակ ձևակերպել շատ բաներ: Մինսկի խումբը` որպես այդպիսին, այլևս միջնորդ չէ: ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ` բանակցությունների վարումը հանձնված է Մինսկի խմբի համանախագահներին: Մինսկի խումբն, այդպիսով, վերածվել է ինչ-որ խորհրդատվական մարմնի: Ռուսաստանը սերտորեն համագործակցում էր Մինսկի խմբի հետ, սակայն 93 թ. սկզբում մենք համոզվեցինք, որ այդ համագործակցության արդյունավետությունը բարձր չէ,այդ իսկ պատճառով Ռուսաստանը ստիպված էր ակտիվացնել սեփական միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ շատ հարցեր առավելապես կախված են կողմերից, այլ ոչ թե համանախագահներից: Բաքուն պարզապես ցանկանում է կարգավորման գործընթացի արգելակման պատասխանատվությունը դնել ուրիշի ուսերին:
- Պաշտոնական Բաքվին ձեռնտու է Մինսկի խմբի համանխագահների կազմում Թուրքիայի ընդգրկումը: Որքանո՞վ է դա հավանական:
- Բանակցություններում Թուրքիայի մասնակցության մասին անգամ խոսել չարժե, որովհետև երբ մենք դեռ բանակցությունների առաջին տարիներին հանդիպում էինք Հռոմում, մենք չէինք կարողանում առաջ շարժվել, քանի որ սուր բանավեճ էր ծավալվում ադրբեջանցիների և հայերի միջև: Մենք որոշեցինք, որ կհանդիպեն միայն չեզոք երկրները` առանց կողմերի մասնակցության: Եվ Թուրքիան առաջինը հրաժարվեց մասնակցել դրանց: Նրանք չէին ուզում, որ իրենց ընդունեն որպես չեզոք կողմ, նրանք պարզ ցուցադրում էին, որ աջակցում են հակամարտող կողմերից մեկին: Հետո, հավանաբար, ինչ-որ մեկը «տրորել էր նրանց պոչը» և հաջորդ հանդիպումից սկսած` նրանք արդեն մասնակցում էին տասնյակի կազմում: Այսինքն` բնորոշ է այն, որ այն ժամանակ Թուրքիան ինքը հեռացավ չեզոք իննյակի շրջանակներում հանդիպումներից:
- Սակայն Թուրքիան տարածաշրջանում միակ պետությունը չէ, որ ձգտում է ներգրավվել կարգավորման գործընթացում: Իր միջնորդական ծառայությունները վերջերս առաջարկեց նաև Իրանը:
- Իրանը ակտիվ էր սկզբում` 1992 թ-ին. հանդիպում կայացավ Թեհրանում: Այնտեղ Տեր-Պետրոսյանը և Յակուբ Մամեդովը փաստաթուղթ ստորագրեցին, որում ասվում է այն մասին, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը մեկ շաբաթով կմեկնի հակամարտության գոտի, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերի կրակի դադարեցման մասին: Մեկ օր անց գրավվեց Շուշին և այդ փաստաթուղթը չաշխատեց: Դրանից հետո Իրանն ինքը հրաժարվեց իր միջնորդական առաքելությունից: Իրանը հարևան երկիր է, և ես անգամ հաճելիորեն զարմացել էի, երբ ԱՄՆ նույնպես դեմ չէր պարբերաբար Իրանին տեղեկացնել բանակցությունների ընթացքի մասին:
- Սակայն ԱՄՆ հակամարտության կողմերի միջև երկխոսության հաստատման գործընթացում առաջնությունը զիջում է Ռուսաստանին:
- Եթե դիտարկենք հակամարտության սկզբնական շրջանը, ապա Մինսկի խմբի ցավն այն էր, որ նրանք չէին ընդունում Ռուսաստանի առաջնահերթությունը` կրակի դադարեցումը: Նրանք էլ էին դրա օգտին, սակայն ավելի շատ փաստաթղթային մակարդակում: Դրա համար էլ ստացվեց, որ կրակի դադարեցում ձեռք բերվեց Ռուսաստանի անհատական միջնորդության ժամանակ: Մինսի խումբը` ԱՄՆ ազդեցության արդյունքում, անգամ որոշակիորեն դեմ էր դրան: Նրանք դեմ չէին կրակի դադարեցմանը, սակայն չէին ցանկանում, որ դա կատարվի Ռուսաստանի միջնորդությամբ:
- Վերջին ժամանակաշրջանում հաճախակիացել են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղ բանակցային գործընթացին: Ինչպե՞ս դա կարող է ազդել հակամարտության կարգավորման վրա:
- Այս առումով ես արդեն ասել եմ, որ հարկավոր չէ ոչ մի զիջում անել Ադրբեջանին: Մենք անընդհատ ասում ենք, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Դրա վրա հարկավոր էլ չէ ուշադրություն դարձնել, ձգվող պատերազմը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին: Այդպիսով, Ադրբեջանին տրվում են որոշ զիջումներ, սակայն պետք չէ տալ այդ զիջումները, պետք չէ այդ ամենը լուրջ ընդունել: Լուրջ է դա, թե` ոչ, Բաքվի պատասխանատվությունն է. հենց սա պետք է լուրջ ընդունել: Վերջ ի վերջո, դա ձեռնտու չէ հենց Ադրբեջանին: Պատկերացրեք, հանկարծ ռազմական գործողությունները սկսվեն: Այդ դեպքում ամբողջ աշխարհին հայտնի կլինի, որ իրենք վաղուց պատերազմ են քարոզել: Իրենք իրենց փակուղի են մտցրել, նրանք 10 տարի հեռարձակում են, որ եթե առաջընթաց չլինի, իրենք պատերազմ կսկսեն, սակայն չեն սկսում, և հենց դրանով էլ վարկաբեկում են իրենց` նոր կոտորածի կողմնակիցների աչքերում: Այդ պատճառով ինձ թվում է, որ դրան պետք է լուրջ վերաբերել և նրանց դուրս չթողնել այս հարթակից. գտնվելով այս հարթակի վրա` իրենք իրենց պատժում են:
Wednesday, May 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment