Wednesday, May 26, 2010

ԽԱԼԱՖՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԿՈԾԿՈ՞ՒՄ ԵՆ

«Լրագիր» 25-5-2010- “Հատուկ քննչական ծառայությունն ամեն ինչ անում է ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի սպանությունը կոծկելու համար”, այսօր հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով դեպքի առաջին օրվանից հետևում է քննության ընթացքին: Իրավապաշտպանն արձագանքել է երեկ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե նախաքննությամբ հիմնավորվում է Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածը: “Անդրանիկ Միրզոյանն իր հայտարարությամբ հաստատեց և ոստիկանապետի, և գլխավոր դատախազի կողմից այսպես կոչված քրեական ախտորոշումը, ինչը վերջիններս արել էին մինչև դատաբժշկական փորձաքննության հրապարակումը, չնայած այն բանին, որ մտահոգություն կար, որ տեղի ունեցածը սպանություն է”: Արթուր Սաքունցի պնդմամբ, Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանել մի շարք կարեւոր հարցադրումների, որոնք, ըստ իրավապաշտպանի, ցույց են տալիս, որ Խալաֆյանին սպանել են: “Նախ, դանակի երկու հարվածների հարցը. չկա պատասխան, թե ո՞ր հարվածն է առաջին կամ երկրորդը տրվել, եւ ինչպե՞ս է եղել, որ մարդը կարողացել է իրեն երկու հարված տալ` այն պահից հետո, երբ ենթարկվել է նման տիպի խոշտանգումների, ընդգծում է իրավապաշտպանը,- մինչեւ հիմա չի պարզաբանվել, թե ինչպե՞ս հայտնվեց այդ դանակը, ո՞վ տվեց Վահան Խալաֆյանի ձեռքը, որ ինքն իրեն սպանի”: “Մյուս հարցը` ըստ Վահան Խալաֆյանի եղբոր` սենյակում իր եղբոր հետ եղել են երկու օպեր, մի օպերը կալանավորվել է, ո՞րն է եղել մյուս օպերի դերակատարությունը”: Ըստ իրավապաշտպանի, չպարզաբանված հարցերի թվում են նաև Դավիթ Գյուլումյանի (գողության մեջ մեղադրվող) հարազատների և ոստիկանապետի տեղակալ Տոնոյանի միջև զրույցներն ու հեռախոսազրույցները, վերծանե՞լ են արդյոք հեռախոսազրույցները: Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Խալաֆյանի հագուստին, որի վրա, ըստ նրա հարազատների պնդման, դանակի հետքեր չեն եղել: “Ի՞նչ է եղել, ինչո՞վ է բացատրվում, որ հագուստ չի եղել վրան”: Իրավապաշտպանի համոզմամբ, «փորձագետները պարտավոր էին նաեւ պատասխանել հետեւյալ հարցին. այն բռնությունները, որ[ոնց հետքերը] Վահան Խալաֆյանի մարմնի վրա կային եւ գլխի վրա` դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող էին թողնել, արդյոք կարող էր այդ վնասվածքների հետեւանքով Վահան Խալաֆյանը գտնվեր անգործության մեջ, կամ նման վիճակում գտնվող մարդը, ընդհանրապես, ունա՞կ էր որեւիցե շարժում կատարելու”: “Այսինքն, հարցեր են, որոնք, ըստ էության, մեզ ավելի շատ հիմք են տալիս կասկածելու դատաբժշկական եզրակացության անկեղծությանը, որ տեղի է ունեցել սպանություն”, - ամփոփեց Սաքունցը: Մյուս հարցը, որը խիստ զարմացնում է իրավապաշտպանին, այն է որ իրավապահ մարմինները մեծ շահագրգռություն են ցուցաբերում Խալաֆյանի գործը բացահայտելու ուղղությամբ. “Սա չլսված բան է Հայաստանի պրակտիկայում` շատ կարճ ժամկետում բացահայտել: Ինձ մտահոգում է այն, թե ինչ հիմքով են ուզում շատ շուտ ավարտել և գործը հանձնել դատարան: Կարծում եմ շատ հարցերին չպատասխանելը նշանակում է կոծկել գործը: Սա է իմ գնահատականը”, համոզված ասում է Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանը տեղեկացրեց նաև, որ Դավիթ Գյուլումյանի պաշտպանը արդեն մի քանի օր է չի կարողանում ներգրավվել գործում: Քննիչը ասել է, թե գործն արդեն ավարտել են և ուղարկել դատախազություն: “Հիմա ով պետք է փաստաբանին ներգրավի` ոստիկանությո՞ւնը, թե դատախազությունը… օրենսդրորեն այս բացը հրաշալի օգտագործվում է ժամանակին և անհապաղ պաշտպանի ներգրավվման դեմ: Այսինքն, Դավիթ Գյուլումյանը զրկված է արդյունավետ պաշտպանության իրավունքից”, արձանագրում է Սաքունցը: Հերթական անգամ գործ ունենք մի փաստի հետ, երբ իրավապահ մարմինները չեն ցանկանում բռնությունների կանխարգելման վերաբերյալ որևէ քայլ անել: Ըստ իրավապաշտպանի, այս իրավիճակը պետք է ներկայացնել Խոշտանգումների կոմիտեին, որը վերջերս այցելել էր Հայաստան և հանդիպումներ ունեցել իշխանությունների հետ: Անդրադառնալով հանգամանքին, որ մինչև օրս դատաբժշկական եզրակացությունը չի տրվել տուժող կողմին և, ըստ էության հանրությունը իրազեկված չէ այս մասին, իրավապաշտպանն ասաց. “Եթե նախաքննական մարմինը շատ է հետաքրքրված հանրային իրազեկման հարցով, թող հրապարակի բոլոր փորձաքննությունների պատասխանները և փարատի հանրության կասկածները, հատկապես, որ շուտով գործը ավարտվելու է”, ասում է Սաքունցը: Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ևս հաստատել էր, որ քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում, եւ շուտով գործը կուղարկվի դատարան: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: