Wednesday, May 19, 2010

Ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական չլիներ. Հանրային խորհուրդը դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը

Tert.am. 19-5-2010- Հանրային խորհուրդը քննարկումների արդյունքում դեմ է արտահայտվել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը և կայացրած որոշումն ուղարկել է ՀՀ նախագահին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կառավարությանը կոչ անելով հետ կանչել օրինագիծը։ «Կրթության նախարարն ասում է՝ ես չեմ կարող կրթության որակը բարձրացնել, ես դրսից դպրոցներ պետք է բերեմ։ Դա ծիծաղելի կարելի էր համարել, եթե ողբերգական չլիներ»,- նշեց բանախոսը։ Ըստ Մանուկյանի՝ Հայաստանի համար կրթական համակարգը նույնքան կարևոր է, որքան բանակը։ Եվ կրթական համակարգին հարվածող ցանկացած որոշում առաջին հերթին հարված է հասցնում երկրի ազգային շահին։ «Մենք փորձում էինք մի քայլ առաջ գնալ, սակայն այս նախագիծը քայլ է դեպի անդունդ։ Բազմաթիվ փիլիսոփաներ եզրակացրել են՝ շատ կարևոր է, որպեսզի երեխան բազային կրթությունն ստանա մայրենի լեզվով, հետո նոր սովորի օտար լեզուներ»,- ասաց Մանուկյանը։ Նա հիշեցրեց՝ ոչ հեռու անցյալում Հայաստանում գործել են ռուսական դպրոցներ, որտեղ սովորել է հայ երեխաների 25 տոկոսը։ Այդ դպրոցները, ըստ բանախոսի, թերություններ են ունեցել. «Ռուսական դպրոցն ավարտածների 90 տոկոսը խորությամբ չեն տիրապետում հայ ժողովրդի պատմությանը, հայերեն գրելու խնդիր ունեն, մեր մշակույթի մեջ չեն խորացել, արմատներով խորությամբ կապված չեն հայության հետ։ Ռուսական դպրոցն ավարտած հայերի մոտ հոգեկան երկփեղկվածություն է առաջանում։ Ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց և մինչ հիմա իմ մեջ երկփեղկվածություն եմ կրում, կարծես մեջս երկու մարդ լինի»։ Մանուկյանը նաև ցավով հիշեց, որ նախկինում ռուսական դպրոցներում սովորում էին իշխանավորների և մտավորականների երեխաները, հետևաբար պետության ուշադրությունը սևեռված էր ռուսական դպրոցների վրա, անտեսվում էր հայկականը։ Ավելին, հայկական դպրոցն ավարտածին երկրորդ սորտի մարդ էին դիտում։ «Այսինքն՝ երկփեղկվածություն կար նաև հասարակության մեջ։ Մենք այդ փորձը տեսել ենք, ինչո՞ւ ենք ուզում նորից մտնել դրա մեջ»,- հարցադրում արեց բանախոսը։ Մանուկյանը նաև ասաց, որ Հայաստանը օտար լեզուների մասնագետների պակաս չունի։ Ընդհակառակը, լավ գիտելիքներ ունեցող շատ օտարալեզու մասնագետներ չեն կարողանում Հայաստանում աշխատանք գտնել։ «Այս ծրագրի մեջ գավառամտություն կա։ Դա այն է, երբ դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ ու գիտես, որ քո լեզվով ոչ մի բանի չես հասնի, պետք է ձև անես, թե անգլիացի ես, ռուս ես»,- եզրակացրեց Հանրային խորհրդի նախագահը.

No comments: