Wednesday, May 19, 2010

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի առաջընթացի մասին զեկույց

Tert.am. 19-5-2010- 2010թ. մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին զեկույցները: Ըստ զեկույցի՝ ԵՄ-ն դրական է գնահատում քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ, որին 2009թ. ընթացքում նպաստել են քաղաքական և անվտանգության կոմիտեի Տրոյկայի մակարդակով Բրյուսելում կայացած նիստերը, ինչպես նաև 2009թ. հուլիսին նախարարական Տրոյկայի այցելությունը Հայաստան: 2009թ. ընթացքում Հայաստանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 108-ին (Վրաստանը` 97-ին, Ադրբեջանը` 56-ին): Նշվում է նաև, որ Հայաստանն առհասարակ շատ ակտիվ է ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերում: Քաղաքական երկխոսության տեսակետից դրական անդրադարձ է կատարվում նաև ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությանը (ինչը բացակայում է Ադրբեջանի դեպքում): ԵՄ-ն գտնում է, որ Հայաստանը մեծ քայլ է իրականացրել տարածաշրջանային համագործակցության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչի արդյունքում ստորագրվել են պատմական նշանակություն ունեցող արձանագրությունները, սակայն դրանց վավերացումը ձգձգվում է: ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանի պետական և ոչ-պետական կառույցներն ակտիվորեն մասնակցել են Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափին, մասնավորապես բաց երկխոսության և աշխատանքային ծրագրերի մշակման միջոցով: Արձանագրվում են 2008թ. ներքին քաղաքական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված Հայաստանի իշխանությունների քայլերը, համաներումը, որը ողջունել է նաև ԵԽԽՎ-ն, ինչպես նաև 2009թ. մարտին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունների գնահատականը վերցված է ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի զեկույցից: Նշվում է, որ ընդդիմությունը բոյկոտել է ավագանու, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները: Վերջինիս վերաբերյալ հիշատակվում է ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականը: 2008թ. մարտի դեպքերին առնչվող գործերով դատավարություններում նկատվել են զանազան թերացումներ, մասնավորապես արդար դատավարության և դատավորների անաչառության, միայն ոստիկանության ցուցմունքների հիման վրա մեղադրանքների առաջադրումը և վճիռների կայացումը: Համաներման դրական գնահատականի հետ մեկտեղ նշվում է, որ որոշ անձինք դեռ մնում են ազատազրկման մեջ: Զգալի տեղ է հատկացվում օրենսդրական բարեփոխումներին, սակայն ինչպես և նախորդ զեկույցներում, շեշտվում է օրենքների կատարման և կատարելագործման անհրաժեշտությունը: Առանձին գլուխ նվիրված է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին: Նշվում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ամրապնդումը, արձանագրվում է, որ Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներով նախատեսվող հերթական զեկույցները: Նշվում է, որ 2009թ. շարունակվել են տեղ գտնել զորակոչվածների, ինչպես նաև ազատազրկման վայրերում և ոստիկանության բաժանմունքներում գտնվողների հանդեպ խոշտանգումների դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները: Խոսքի և մամուլի ազատության առումով նշվում են օրենսդրական փոփոխությունները և այն, որ չնայած լրագրողների դեմ բռնության արձանագրված դեպքերի թիվը 2009թ. ընթացքում նվազել է, այդ գործերով մեղադրանքներ դեռևս չեն ներկայացվել: Նշվում է, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում իրավական դաշտը բարելավելու ուղղությամբ: 2009թ. հոկտեմբերին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունը ներառում է դիտարկման և գնահատման համակարգ: Ըստ ԵՄ-ի, չնայած լավ օրենսդրական առաջընթացին, 2009թ. հասարակական կարծիքի միջազգային հարցումներում չի արձանագրվել ընկալվող կոռուպցիայի մակարդակի անկում, ինչը ցույց է տալիս, որ այս ոլորտում անհրաժեշտ է ապահովել օրենքի արդյունավետ կիրառում: Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու գործընթացին, որի նախապատրաստման համար կատարվող քայլերը համարվում են սահմանափակ, և նշվում է, որ, չնայած որոշ ձեռնարկված քայլերի, Հայաստանը դեռևս պետք է իրականացնի ԵՄ կողմից ներկայացված հիմնական առաջարկությունները` բանակցությունները սկսելու համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մասում նշվում է, որ 2009թ. Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման բանակցությունները զգալիորեն աշխուժացել են և նպաստել են ավելի ընդգրկուն երկխոսությանը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպումներ են տեղի ունեցել տարվա ընթացքում: Ի լրումն` երկու երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում` 2009 թ. դեկտեմբերին Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ: Զեկույցում հղում է կատարվում 2009 թ. հուլիսին Լ’Աքվիլայում կայացած ՄԵծ Ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարությանը, որով կոչ է արվում «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` լուծել իրենց միջև դեռևս գոյություն ունեցող մի քանի տարաձայնությունները և վերջնականացնել իրենց համաձայնությունը այս Հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը համապարփակ կարգավորման ուղենիշ կհանդիսանա»: Այնուամենայնիվ, ընդհանուր լարվածությունը պահպանվում է, և իրավիճակը մնում է անկայուն: Շփման գծում կրակի փոխանակման միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունները շարունակվել են և մտահոգության տեղիք են տալիս: Ադրբեջանի առաջընթացի զեկույցում ԵՄ-ն բացասական է գնահանատում 2009թ. մարտի սահմանադրական փոփոխությունները` ընդգծելով, որ նախագահի անժամկետ պաշտոնավարման դրույթը և գործադիր իշխանության այդտեսակ հզորացումը հակասում է Եվրոպայում գոյություն ունեցող հիմնական պրակտիկային և հետընթաց է հանդիսանում Ադրբեջանի համար: 2009թ. դեկտեմբերին Ադրբեջանում անցկացված /տեղական/ ընտրությունները զեկույցում որակվում են ընդհանուր առմամբ որպես խաղաղ և լավ կազմակերպված գործընթաց, սակայն նշվում է իրական քաղաքական քարոզարշավի բացակայությունը, ԶԼՄ-ներում քարոզարշավի համար եթերի անհավասար բաշխումը և բնակչության ցածր ակտիվությունը: Ըստ զեկույցի, Ադրբեջանի տնտեսությունը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի քիչ է տուժել, քան այլ երկրներինը: ԵՄ-ն գոհունակությամբ է անդրադառնում Ադրբեջան-ԵՄ էներգետիկ համագործակցությանը` նշելով Հարավային միջանցքի, ինչպես նաև Նաբուկո ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը և առաջընթացը: Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու բանակցություններում Ադրբեջանը գրանցել է սահմանափակ առաջընթաց: Չնայած Ադրբեջանը որոշ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ կոռուպցիան լայնատարած երևույթ է ադրբեջանական հասարակության բոլոր շերտերում, և դրա դեմ պայքարելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զեկույցում մտահգությամբ նշվում են Ադրբեջանի ուղղիչ-աշխատանքային համակարգում անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ խոշտանգումները: Անդրադառնալով մամուլի և արտահայտման ազատության հարցերին` ԵՄ-ն նշում է, որ 2009թ. ընթացքում արտահայտվելու ազատությունն ու մամուլի ազատությունը վատթարացել են` ընդգծելով 2009թ. հունվարին օտարերկրյա ռադիոհաղորդումների եթերի արգելումը` բնակչությանը զրկելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից: Առանց լրագրողական շրջանակների և հասարակական կազմակերպությունների հետ նախնական քննարկման 2009թ. մարտին ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունը ԵՄ-ն դիտում է որպես բացասական մոտեցում: Օրենքի փոփոխությունները պետությանը հնարավորություն են տալիս միջամտելու ԶԼՄ-ների գործունեությանը, որը չի համապատասխանում ԵԱՀԿ մամուլի ազատության չափանիշներին: ԵՄ-ն իր մտահոգությունն է արտահայտում և քննադատում է լրագրողներին վախեցնելու դեպքերը, նրանց նկատմամբ կասկածելի գործեր հարուցելը: Այս համատեքստում նաև ԵՄ-ն նշում է 2009թ. մարտին Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցողի նշանակումը և ընդգծում է, որ այս հարցը ԵՄ-ն կշարունակի բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների հետ իր շփումներում: Քաղաքացիական հասարակության վիճակի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը: Զեկույցում նշվում է, որ հավաքների ազատության սահմանափակումները մտահոգիչ են: Տեղական ինքնակառավարմանը վերաբերող սահմանադրական փոփոխությունները զեկույցում քննադատության են ենթարկվում ԵՄ կողմից` դրանք դիտարկելով որպես տեղական ինքանակառավարման մարմինների անկախ գործունեության խոչընդոտ: ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման առումով նշվում են 2009թ. ակտիվացած շփումները, այդ թվում նախագահների միջև կայացած 6 հանդիպումները: Շեշտվում է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են երկուստեք համարձակ քայլեր: Զեկույցը նշում է, սակայն, որ ընդհանուր իրավիճակը մնում է մտահոգիչ: 2009թ. ընթացքում Ադրբեջանը միացել է ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 138 հայտարարություններից 56-ին: Վրաստանի մասով ցեկույցում նշվում է, որ այդ երկիրը կարիք ունի շարունակելու ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված ջանքերը, հատկապես քաղաքական բազմակարծության և մամուլի ազատության ոլորտներում: Որպես հիմնական մարտահրավերներ նշվում են նաև աղքատության վերացումը, զբաղվածությունը և սոցիալական քաղաքականությունը, քաղաքացիական ծառայության բարեփոխումը: Նշվում է, որ 2009թ. Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցերի դեմ իշխանությունները ուժ չեն գործադրել` դրանով իսկ առաջընթաց արձանագրելով 2007թ. նմանատիպ իրադարձությունների համեմատ: Զեկույցը նշում է, որ Վրաստանի նախագահի կողմից հայտարարված «ժողովրդավարական բարեփոխումների երկրորդ ալիքը» շարունակվել է 2009 թ.-ին: Այն ներառում է սահմանադրական փոփոխությունների միջոցով խորհդրդարանի դերի ուժեղացում գործադիրի նկատմամբ, ընդդիմության զգալի մասնակցությունը որոշումներ ընդունելու գործընթացում, ընտրական օրենսգրքի փոփոխություններ, արդարադատության համակարգի անկախության ամրացում և մամուլի ավելի լայն ազատություն: Նշվում է, որ Վրաստանի քաղաքական կյանքի բևեռացումը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ իրական քաղաքական բարեփոխումների համար: Տնտեսության համար 2008 թ. օգոստոսի պատերազմը, զուգորդվելով համաշխարհային տնտեսական անկմամբ, ավելացրել է ճնշումը կառավարության վրա` դիմագրավելու սոցիալ- տնտեսական մարտահրավերներին: Ըստ զեկույցի, կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանը կարևոր ջանքեր է իրականացրել` իրավական փոփոխությունների և բարեփոխումների միջոցով Եվրոպայի խորհրդի GRECO-ի խմբի առաջարկությունները կիրառելու ուղղությամբ: Վրաստանում հեռարձակվող զանգվածային լրատվամիջոցների խնդիրը մնում է որպես մտահոգության հիմնական առարկա, այն համարվում է խիստ բևեռացված և կողմնակալ` հօգուտ իշխանությունների: Նշվում է, որ 2009 թ. համար նախատեսված կենսաչափական չափորոշիչներով անձնագրերի տրամադրումը տեղի չի ունեցել, սակայն այդ ուղղությամբ նախապատրաստական քայլեր են իրականացվել: 2009թ. նոյեմբերին ԵՄ և Վրաստանը ընդունել են «Տեղաշարժի գործընկերության» մասին համաձայնագիր` ուղղված միգրացիայի ոլորտում համագործակցություն ծավալելուն (ԵՄ կողմից մասնակցում են 16 անդամ երկրներ): Մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2009 թ. նոյեմբերին: Ստորագրումը նախատեսված է 2010 թ. ընթացքում: Վրաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որպես կասպիական էներգակիրների տարանցիկ երկիր, դերակատարություն ունենալ ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Զեկույցում Եվրամիությունը վերահաստատում է իր հանձնառությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության, ինչպես նաև առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման նկատմամբ: 2008 թ. պատերազմից հետո ԵՄ-ը Վրաստանին հատկացրել է 500 մլն. եվրո աջակցություն` 2008-2010 թթ. համար: 2009թ ընթացքում ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ 137 հայտարարություններից Վրաստանը միացել է 97-ին։

No comments: