Wednesday, May 19, 2010

ՀԻՄԱ 1920 ԹՎԱԿԱՆԸ ՉԷ

«Լրագիր» 19-5-2010- Երբ Ռուսաստանը եւ Թուրքիան հայտարարեցին իրենց հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին, Հայաստանում հաճախակիացան խոսակցությունները անվտանգության նոր սպառնալիքների մասին: Շատերը նշում են ռուս-թուրքական “բարեկամության” պատմականորեն ապացուցված դեստրուկտիվ բնույթը Հայաստանի ճակատագրի համար: Քաղաքական գործիչներն ու քաղաքագետները կանխատեսումներ են անում, թե արդյոք Ռուսաստանը “կծախի” Հայաստանի շահը Թուրքիայի հետ ներկայիս գործարքում: Խնդրի մյուս կողմը` որ Հայաստանի վրա ռուս-թուրքական հարաբերության ազդեցության բնույթը կարող է կախված լինել առաջին հերթին հենց հայաստանի գործողություններից, կարծես թե չի քննարկվում: Հաճախ նույնիսկ պնդումներ են լինում, թե Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում սեփական ճակատագրի վրա ազդելու հնարավորությունից: Ղարաբաղի խնդիրը եւ այդ խնդրի լուծմանը մասնակցելու Թուրքիայի աճող հավակնությունները հաշվի առնելով, վերը նշված “գաղափարական տվայտանքները” ձեռք են բերում ճակատագրական իմաստ: Շատերն անալոգիայով սկսում են նկարել Կարսի պայմանագրի ժամանակների նոր քաղաքական քարտեզը: Համարվում է, որ Հայաստանը կանգնած է անխուսափելի նոր գործարքների առջեւ: Հայաստանի շուրջ ձեւավորվող նոր իրավիճակի վերաբերյալ համոզիչ գնահատականներ չկան: Իշխանությունը մեծ մասամբ լռում է, ինչն ավելի է ուժեղացնում տագնապը: Այս խնդիրների շուրջ կարծիք հայտնելու համար դիմել ենք ՌԱՀՀԿ փորձագետ մանվել Սարգսյանին: “Ռուս-թուրքական մերձեցումից դրական սպասելիքների պատմական օրինակներ հայ քաղաքական էլիտան իսկապես չունի: Անալոգներով տեղի ունեցողը գնահատելու սովորությունը չի կարող տագնապալի զգացումներ չառաջացնել: Սակայն չարժե այդ կերպ մոտենալ խնդրին` մենք ապրում ենք նոր աշխարհում եւ նոր պայմաններում: Ավելի օգտակար կլիներ վերանայել սեփական հայացքները քաղաքական աշխարհի տրամաբանության վերաբերյալ”, ասել է Մանվել Սարգսյանը: Նրա կարծիքով, մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործողություններին պետք է առանձնահատուկ ուշադրությամբ հետեւել: Նրա սովորությունը` Հայաստանի “հովանավորի” դեր խաղալը, առայժմ չի փոխվել: Լիովին չի վերացել նաեւ հայկական սովորությունը` Ռուսաստանը որպես հովանավոր դիտարկելը: Հայաստանի հանդեպ Թուրքիայի չդադարող թշնամանքը խթանում է այդ սովորությունը: Շատերն են ուզում Կովկասում տեսնել “միշտ ուժեղ Ռուսաստան”, որպես փրկիչ: Սակայն, ոչ պակաս ապակառուցողական է նաեւ ուժգնացող տեսակետը, ըստ որի Ռուսաստանը հայաստանի չարիքի աղբյուրն է: Մանվել Սարգսյանը նշել է, որ այս մոտեցումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրական քաղաքականության հետ: Պետությունների հարաբերություններում միշտ լուրջ ռեսուրսներ կան սեփական շահերը պաշտպանելու համար: Սակայն անհրաժեշտ է հենվել շահերի, եւ ոչ թե հնարված քաղաքական կերպարների վրա: Շատ հայերի հատուկ է նույնացնել Հայաստանի ու Ռուսաստանի շահը: Ընդ որում, այդ երկրի կայսերական (էքսպանսիոնիստական) քաղաքականության շահերի հետ: Համարվում է, որ հայաստանը կարեւոր գործոն է հենց այդպիսի քաղաքականության ձեւավորման համար: Ռուսական քաղաքականության կայսերական վեկտորի թուլացումը դիտարկվում է որպես սպառնալիք Հայաստանի համար: Այդ պատճառով էլ հայերը միշտ “ուժեղ” Ռուսաստանի կողմն են, ասում է փորձագետը: Հայաստանի անվտանգության համակարգում Ռուսաստանի գործոնի նման ընկալումը Մանվել Սարգսյանը համարում է արատավոր: Իրականում, հայկական գործոնի արժեքը Ռուսաստանն զգում է իր թուլանալու ժամանակաշրջանում: Նման ժամանակաշրջաններում Ռուսաստանը ստիպված է ուժեղացնել Հայաստանը որպես թուրքական էքսպանսիան զսպող գործոն: Մասնավորապես, նման ժամանակաշրջան է ԽՍՀՄ փլուզումից մինչեւ մեր օրերը: Եվ հակառակը, Ռուսաստանի քաղաքականության էքսպանսիոնիստական վեկտորի ուժեղացումը միշտ հանգեցրել է Հայաստանի թիկունքում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործարքների: Հրաշալի օրինակ է 1918-23 թվականները. Ռուսաստանի “բարեկամությունն իր հարավային հարեւանների հետ թանկ նստեց Հայաստանի վրա, նշել է Մանվել Սարգսյանը: “Պետք է նշել, որ ռուս-թուրքական ներկայիս հարաբերությունն արտահայտվում է միջազգային սկզբունքորեն նոր իրավիճակում: Ներկայում Ռուսաստանի որոշ ուժեղացումը կապված է ոչ թե սեփական պոտենցիալի (հակառակը, Ռուսաստանը թույլ է ինչպես երբեք), այլ այն դերի հետ, որ Ռուսաստանը ձեռք է բերել Արեւմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու կապակցությամբ: ԱՄՆ կողմից Ռուսաստանին առաջարկված վերաբեռնման քաղաքականությունը կտրուկ փոխել է ուժերի դասավորությունն աշխարհում: Ակնհայտ է, որ Ռուսաստանին առաջարկվել է ինքնուրույն կարգավորել գործընթացներն իր սահմանների երկայնքով: 15 տարի ի վեր գործող Ռուսաստանին “հակակշիռ գոտին”` ի դեմս Ուկրաինայի ու Վրաստանի, կորցրել է իր արժեքը ԱՄՆ եւ Արեւմտյան Եվրոպայի համար: Հակառակը, Ռուսաստանի ջանքերը` այդ երկրներն իր քաղաքականությանն ինտեգրելու ուղղությամբ, խրախուսվում է Արեւմուտքի կողմից: Դրա դիմաց Ռուսաստանին առաջարկում են առավելագույն ինտեգրում եվրատլանտյան անվտանգության համակարգին”, ասել է Մանվել Սարգսյանը: Վրաստանը սարսափով է զգում Ռուսաստանի ճնշման դեմ իր անպաշտպանվածությունը: Արեւմուտքի կողմից մատնվելով բախտի քմահաճույքին (ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան), այս երկիրը փորձում է աջակցություն գտնել Թուրքիայից ու Իրանից: Թուրքիան ու Ադրբեջանն, իրենց հերթին, պատեպատ են ընկել Արեւմուտքի ու Ռուսաստանի եւ մերձավոր Արեւելքի միջեւ, սեփական պահանջներին աջակցություն որոնելով: Ոչ մեկի համար հասկանալի չէ Ռուսաստանի նոր քաղաքականության էությունը`բոլորը հույս ունեն ավանդական գործարքի քաղաքականության վերածննդին”, ասում է փորձագետը: “Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակը նույնպես հակված է փոխվելու: Հայկական խնդիրների աշխարհքաղաքական կարգավորման 18-ամյա մեխանիզմը` Մինսկի խումբը, անցնում է ստվեր, տեղ բացելով ռուսաստանի եւ այլոց համար: Ստեղծված վակուումը լցվում է հարավկովկասյան շրջանի ազդեցիկ հարեւանների ակտիվությամբ, որոնք, իրենց հերթին, սեփական խնդիրներն ունեն առաջատար տերությունների հետ: Առաջացել են նաեւ սկզբունքորեն նոր խնդիրներ միմյանց միջեւ հարաբերություններում:Թե ինչպես են նոր պայմաններում արտահայտվելու Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրների ավանդական մոտեցումները, իրենք էլ չեն կարող հասկանալ”, ասում է Մանվել Սարգսյանը: “Շահերի ու դիրքորոշումների վերանայման հրամայականը ծառացել է բոլորի առջեւ: Դա վերաբերում է նաեւ Հայաստանին: Պետք է հեռու մնալ սեփական շահերն այլոց շահերի հետ նույնացնելու գայթակղությունից եւ ուրիշի վրա հույս դնելու սովորույթից: Նման գայթակղությունը ամենամեծ սպառնալիքն է անվտանգությանը: Նոր պայմանները պարունակում են նոր ռեսուրսներ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, դրանք պետք է ընդամենն օգտագործել: Հիմա 1920 թվականը չէ”, նշել է Մանվել Սարգսյանը:

No comments: