Tuesday, May 18, 2010

Փոստանջյան. ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացած է և այլընտրանք չունի

Panorama.am. 18-5-2010- Ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքով անկախացած և ժողովրդավարական զարգացման մոդելն ընտրած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը հասունացած է և այլընտրանք չունի: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվեն Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որով արցախահայությունն ի լուր աշխարհի մեկ անգամ ևս կվկայի, որ կա Հայկական երկրորդ պետությունը: «Այնինչ Հայաստանի Հանրապետության իշխանություններն առ այսօր պաշտոնապես չեն ճանաչել Արցախի անկախությունը, քանի որ անգամ Ազգային ծրագիր չունեն, որի նպատակների մի մասն էլ մեր հերոսական նախնիների հայկական տարածքների վերականգնումն է: Իսկ այդ պատմական նվաճումներից մեկը ողջ հայության ազգամարտի շնորհիվ հայրենիքի մի մասի ազատագրումն է` անկախ Արցախի Հանրապետությունը»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Զ. Փոստանջյանը: «Տարածքային զիջումների մասին ավելի հաճախ հայտարարող գործիչներին հիշեցնում եմ, որ գոյություն ունեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրություններ, համաձայն որոնց` սահմանների փոփոխության մասին կարող են և իրավասու են որոշումներ կայացնել միայն քաղաքացիները, այն է` հայ ժողովուրդը, և ոչ թե անօրինական ճանապարհով ժամանակավոր պաշտոն զբաղեցնող պաշտոնյաները»,- հայտարարեց նա: Նա «Ժառանգություն» կուսակցության և խորհրդարանական խմբակցության անունից կոչ արեց օր առաջ դե-յուրե ճանաչել Արցախի անկախությունը` կողմ քվեարկելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» իրենց ներկայացրած օրենքի նախագծին ու պետական ծրագրով նպաստել Արցախի` հատկապես Ադրբեջանի հետ ունեցած սահմանակից շրջանների ու սակավաբնակ տարածքների վերաբնակեցմանն ու շենացմանը, նախաձեռնել Արցախի միջազգային ճանաչման պետական և հասարակական լայնածավալ գործընթաց:

No comments: