«ԱԶԳ» , 20-05-2010- Ռուսաստանի ԶԼՄ-ներում նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի վերլուծություններում գրեթե բացակայում էր Ղարաբաղի թեման: Անլուրջ էին դառնում Հայաստանի որոշ լրատվամիջոցներում հնչող մռայլ կանխագուշակումները, թե հնարավոր է, որ Ռուսաստանը «հերթական» անգամ կծախի իր ռազմավարական դաշնակցին:
Մեկնաբանությունները գերազանցապես նվիրված էին երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման պլաններին: Առաջիկայում փոխադարձ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը, ինչ խոսք, տպավորիչ է եւ կողմերին թույլ է տալիս ակնկալիքներ հայտնել Ռուսաստանի եւ Թուրքիայի տնտեսական համալիրների սերտ կոոպերացման մասին:
Մի կողմ թողնենք մոտ երկու տասնյակի հասնող համաձայնագրերի ստորագրումը, որոնք հանգամանորեն վերլուծվեցին նաեւ հայոց մամուլում: Թերեւս ուշագրավ են քննության առնված ռուս-թուրքական հարաբերությունների ներկա որոշ աշխարհաքաղաքական կողմնորոշիչները:
Ակնհայտ է, որ «փառահեղ» կայսերապետական անցյալ ունեցող երկու պետություններ փնտրում են ինքնահաստատման նոր ուղիներ եւ այդ ճանապարհին դեմ չեն նաեւ հենվել միմյանց վրա: Եվ այստեղ նրանց համար խթան է երկուսի նկատմամբ էլ Եվրոմիության տարբեր ձեւերով ու չափերով դրսեւորվող մերժողական քաղաքականությունը: Պատահական չպետք է համարել Մեդվեդեւի այն համեմատություն-հայտարարությունը, որում վերոհիշյալ 100 միլիարդ դոլարը համադրվեց Եվրոպայի հետ Ռուսաստանի տնտեսական համագործակցության արդյունք 200 միլիարդի հետ, մանավանդ երբ նա հատուկ ընդգծեց, որ եվրոպական հանրակցության մեջ մտնում է 27 պետություն: Թուրքիայի համար «վիրավորականը», անշուշտ, իր համար Եվրոմիության առայժմ փակ դռներն են: Թեեւ, հիշատակվում է, Թուրքիան սարկազմով է նայում համագործակցության անդամ որոշ երկրների ողբալի կացությանը (իհարկե, նկատի է առնվում առաջին հերթին նրա պատմական հակառակորդիՙ Հունաստանի էկոնոմիկայի ներկա անփառունակ վիճակը):
Թուրքիայի աշխարհագրական հարմար դիրքն այդ երկրին հնարավորություն է տալիս մանեւրելու էներգատարների ուղիների հարցում: Որոշ դիտորդների կարծիքովՙ այդ ասպարեզում Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Թուրքիան դառնում է էներգափոխադրումների գլխավոր տարանցիկ տարածքը, ինչը նկատելիորեն բարձրացնում է Անկարայի աշխարհագրական դիրքերը Ռուսաստան-Կովկաս-Կենտրոնական Ասիա-Եվրոպա համակարգում ու հատկապես Մերձավոր Արեւելքում: Ավելին, «երես առած» Թուրքիան կարող է աջակցել ինչպես բուն ռուսական գազի ու նավթի ներմուծման ու փոխադրման, այնպես էլ Ռուսաստանը շրջանցող էներգատարների կառուցման ծրագրերին:
Սակայն չի կարելի ասել, թե ռուս-թուրքական ներկա հարաբերություններն այստեղ ներկայացվում են սոսկ վարդագույն ու հեռանկարային երանգներով: Այս իմաստով առանձնացնենք որոշ քաղաքագետների հետեւյալ զգուշացումը: Թուրքիան թեւակոխում է իր նորօրյա պատմության բարդ հատվածներից մեկը, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հնարավոր է ուժերի վերախմբավորում իշխանության բարձրագույն շրջանակներում, ինչը կարող է հանգեցնել երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության: Խոսքը վերաբերում է իշխող «Արդարություն եւ բարգավաճում» ու Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների հակամարտությանը: Վերջինիս լիդերիՙ Դենիզ Բայքալի սեքսուալ սկանդալը իր կուսակցական գործընկերուհու հետ նախորդեց Մեդվեդեւի այցին, ինչն այստեղ պատահական չհամարեցին: Էրդողանը փաստորեն իր հատուկ ծառայությունների միջոցով մեկուսացրեց հիմնական հակառակորդին, որը նրան անընդհատ սպառնում էր կոռուպցիոն բնույթի մերկացումներով: Մինչդեռ Բայքալի կուսակցությունը, որն, ի դեպ, հիմնադրել է Աթաթուրքը, հայտնի է բանակի ու ԱՄՆ-ի հետ սերտ կապերով, իրեն համարում է աշխարհիկ արժեքների պաշտպան եւ ակտիվորեն հանդես է գալիս երկրի իսլամականացման դեմ: Սակայն բանն էլ հենց այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «ծաղկում» են ապրում հենց Գյուլ-Էրդողան երկյակի իսլամիստական կառավարման շրջանում: Եվ եթե արեւմտամետ կուսակցությունը հաջողության հասնի խորհրդարանական ընտրություններում, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կուժեղանա ԱՄՆ-ի դերը, որը հազիվ թե համակրանքով նայի ռուս-թուրքական համագործակցության ներկա վերելքին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Thursday, May 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment