«Լրագիր» 24-5-2010- Հիմա Հայաստանում ամենամոդայիկ բանը, ինչի մասին խոսում են քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդիկ, դա ազգային համաձայնության հարցն է, քանզի բոլորը հանգում են նրան, որ մեր բոլոր խնդիրները բխում են դրա բացակայությունից: Մոդայի հետևից չգնալով, սակայն չանտեսելով նշված գաղափարի կարևորությունը, կուզեմ իմ մտորումները ներկայացնել ազգային համաձայնության մասին:
Ըստ իս, ազգային համաձայնությունը հաստատվում է միայն խրամատում, երբ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների զավակները համատեղ հերթապահություն են իրականացնում սահմանի վրա: Պատկերացրեք, եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի. իշխանությունն իր ցանկացած քայլի դեպքում` լինի ներքին թե արտաքին քաղաքական, հաշվի կառնեն այն հանգամանքը, որ իր զավակն այժմ գտնվում է խրամատում, նույնն էլ ընդդիմադիրը վստահ կլինի իշխանության քայլերի վրա, քանզի համոզված կլինի, որ ոչ միայն իր որդին է խրամատում, այլ նաև իշխանավորի: Այդպիսի իրադարձությունն անմիջապես երկրում կփոխի քաղաքական իրավիճակը, և երկրում կտարածվի փոխվստահության մթնոլորտ:
Ինչ է կատարվում հիմա: Այժմ թշնամու հետ շփման անմիջական գոտում չես գտնի գեթ մեկ իշխանավորի որդի, իսկ ամենադժվար դիրքերում էլ ծառայություն են իրականացնում նրանք, ով կամ ծանոթ չեն ունեցել, կամ փող, կամ էլ որևէ հնարավորություն` խուսափելու այդ վիճակից: Այսինքն ամենաթեժ գծերում նրանք են, ովքեր կամա թե ակամա ընդդիմադիր են իշխանությունների քաղաքականությանը, քանզի եթե ազատ ընտրելու հնարավորություն լիներ, նրանք բոլորն էլ կնախընտրեին հավասար պայմաններում ծառայելը:
Որն էր Արցախյան պատերազմում մեր հաղթանակի հիմնական բաղադրիչը: Ինչքան էլ մեր ռազմիկները համարձակ լինեին, ինչքան էլ արտաքին քաղաքականությունը հաջողված լիներ, ինչքան էլ մենք տնտեսապես Ադրբեջանից պատրաստված լինեինք, ամենահիմնական բաղադրիչը Հայաստանում և Արցախում բարոյական բարձր վիճակն էր, կամ էլ ազգային համաձայնության հաստատումը: Այդ ժամանակ հիմնադիր նախագահից սկսած, վերջացրած Արցախի ղեկավարություն, բոլորն էլ հավասարը հավասարի պես կանգնած էին խրամատներում: Պատահական չէ, որ Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Արտակ Ջանվելյանը կուրացավ պատերազմի ժամանակ, պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի զարմիկ Պետրոս Ղարիբյանը ծանր վիրավոր վիճակում վերադարձավ պատերազմից, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի եղբայր Վալերի Քոչարյանը հաշմանդամ դարձավ նույն պատերազմում, պատահական չէ նաև, որ Սերժ Սարգսյանն անձամբ պատերազմի ամենավտանգավոր պահերին գտնվեց Արցախում, էլ չեմ ասում Սասուն Միքայելյանի, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի, Մանվել Գրիգորյանի, ու իհարկե Վազգեն Սարգսյանի մասին, ովքեր իրենց կյանքը վտանգի ենթարկելով խրամատ առ խրամատ, դիրք առ դիրք կարողացան ոգեշնչել ու անձնական օրինակով ապացուցել ազգային համաձայնության գաղափարը: Դաշնակցական իրական ազնիվ մարտիկները ՀՀՇ ջոկատների հետ կողք կողքի գտնվում էին դիրքերում ու պայքարում մեր երկրի ազատագրման համար: Այդ ժամանակ չկար, ոչ Երևանցի, ոչ Ղարաբաղցի, ոչ Լենինականցի, ոչ ախպար, այլ բոլորը հայ էին ու գտնվում էին ազգային համաձայնության մեջ, այլապես մենք այսօր ոչ ազատագրված Արցախ կունենայինք, ոչ էլ Հայաստան:
Այդ միայն շատ հետո այդ տարիները անվանվեցին մթի ու ցրտի, այդ միայն շատ հետո պատմությունը սրբագրելու միջոցով Հիմնադիր նախագահին փորձեցին ներկայացնել այնպես, որ նա իբր չէր ուզում, որ Արցախի շրջակա տարածքները ազատագրվեն, այդ միայն շատ հետո իշխանությունները որոշեցին, որ իրենց զավակները պետք է խրամատ չտեսնեն, այդ հետո, շատ հետո իշխանություններին թվաց, որ միայն ընդդիմադիրներին առաջին գիծ ուղարկելով հնարավոր է պահել հայրենիքը:
Հայրենիքը պահպանելու և ազգային համաձայնություն ունենալու համար խրամատը պետք է դառնա յուրաքանչյուրինս, որից հետո մնացած հարցերի լուծումը մեխանիկական խնդիր է` կապ չունի ժողովրդավարության հարցերը, կոռուպցիայի ու օլիգարխների հարցերը, կամ էլ մնացած մեծ ու փոքր հարցեր: Բայց նախ և առաջ պետք է սկսել օլիգարխների և իշխանավորների զավակներին բանակ զորակոչելուց, որպեսզի Արցախի հերոս ժողովուրդն, ինչպես պատերազմի տարիներին, այժմ էլ համոզված լինի, որ մենք բոլորս նույն խրամատում կանգնած ենք նրանց կողքին:
ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ
Monday, May 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment