Aysor.am. 19-5-2010- Մայիսի 19-ը ողբերգական օր է հույն ժողովրդի պատմության մեջ: 1994 թ-ի փետրվարի 24-ին Հունաստանի խորհրդարանը միաձայն որոշում կայացրեց մայիսի 19-ը հռչակել Պոնտոսի հույների` թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության հիշատակի օր:
«Հետապնդումները հույների, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում բնակվող մյուս քրիստոնյա ազգերի նկատմամբ, իրականացվել են պարբերաբար մինչև 1919 թ-ը: Օրինակ, ոչ քիչ թվով հույներ ու ասորիներ են սպանվել Համիդ 2-րդ սուլթանի կողմից կազմակերպված հայկական ջարդերի ժամանակ` 1894-1896 թթ-ին: 1915 թ-ի մարտին Սմիրնա քաղաքի արվարձաններում (ներկայումս` Իզմիր) երիտթուրքերի կողմից իրականացվել են թուրքական բանակ զորակոչված հույների կոտորածներ:
Մինչդեռ ցեղասպանության քաղաքականությունը Թուրքիայի հույն բնակիչների դեմ իրականացվել է հատկապես Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) ղեկավարության տարիներին` թուրք-հունական պատերազմի ընթացքում` 1919-1922 թթ-ին»,- նշում է
genocide.ru-ն:
Տարբեր գնահատականների համաձայն` թուրքական ցեղասպան քաղաքականության զոհ են դարձել 600 հազարից մինչև 1 միլիոն հույներ: Մարդկության համար մեծ կորուստ է եղել նաև պոնտացի հույների մշակութային ժառանգականության ոչնչացումը:
Հատկանշական է, որ այս օրը, երբ աշխարհի բոլոր հույները սգում են թուրքական դաժանությունների հետևանքով զոհվածների համար, Թուրքիայում մայիսի 19-ին ազգային տոն է` Երիտասարդության և սպորտի օր: Տոնի ընտրման օրը կապված չէ, սակայն, ո’չ երիտասարդության, ո’չ էլ սպորտի հետ: 1919 թ-ին այս օրը Թուրքական Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Սամսուն սևծովյան նավահանգստում հայտարարել է համախմբում` ընդդեմ օտարազգիների ներխուժման:
«Այդ ժամանակ Թուրքիան պատերազմ էր վարում Հունաստանի դեմ: Անկախության համար պայքարողների շարժումը ղեկավարում էին հիմնականում երիտասարդները: Այսպիսով, նորաստեղծ պետությունը հանձնվում էր երիտասարդների ձեռքը, որոնց Աթաթուրքը նախատեսում էր դարձնել նոր հանրապետության կարևոր տարրերից մեկը»,- նշում է calend.ru-ն:
1915 թվականից Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերը ենթարկվել են այդ կայսրության իշխանությունների հալածանքներին, որը ոչ այլ է, քան մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցանք` ցեղասպանություն: 1,5 միլիոն հայեր սպանվեցին միայն ազգությամբ հայ լինելու պատճառով: Շուրջ կես միլիոն հայեր բռնեցին գաղթի ծանր ճանապարհը, ինչի հետևանքով աշխարհի տարբեր երկրներում ձևավորվեցին մեծաթիվ հայ համայնքներ:
Wednesday, May 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment