Wednesday, May 19, 2010

Իրանի դեսպանը անհրաժեշտ է համարում, որ Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավտոբուսի երթուղիների քանակն ավելացվի

Panorama.am. 19-5-2010- Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին: Նշենք, որ Իրանի դեսպանը նախկին նախարար Գուրեգն Սարգսյանի հետ հանդիպել էր հունվարի 13-ին: Նախարար Վարդանյանն այսօր նշել է, որ առաջիկայում հանրապետությունում կսկսվեն ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներ, այդ թվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման առաջին փուլը: Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը հայտնել է, որ Հայաստանի ճանապարհաշինարարության, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները` իրենց իսկ ֆինանսավորմամբ: Նախարարն անդրադարձել է Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհին ցուցանակների բացակայության խնդրին և տեղեկացրել, որ դրա լուծման համար ներկայումս ծրագիր է մշակվում: Դեսպան Ս.Ա.Սաղաիյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այդ ճանապարհի Գորիսի հատվածում առաջացած սողանքի վրա, որի հետևանքով ճանապարհի որակը վատացել է: Նախարարը հայտնել է, որ խնդիրը գերատեսչության ուշադրության կենտրոնում է և արդեն պատրասվում է նախագիծ, որից հետո այս տարի կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը, մասնավորապես տեղեկացնելով, որ երկաթուղու կառուցմամբ հետաքրքրված են Ասիական զարգացման բանկը, Չինաստանը, Ռուսաստանը: Սակայն, ըստ նախարարի, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին: Դեսպանն անդրադարձել է Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավտոբուսով ուղևորափոխադրումների քանակի ավելացմանը և անհրաժեշտ համարել ավելացնել երթուղիների քանակը: Նախարարն առաջարկել է միասին քննարկել այդ հարցը և անհարժեշտության դեպքում տալ դրական լուծում, ինչպես նաև ստորագրել կանոնավոր փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր: Երկուստեք կարևորել են նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում արձանագրված հաջողությունները և քննարկել փոստի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` այդ թվում համատեղ նամականիշերի թողարկումը:

No comments: