Saturday, May 8, 2010

Հնչակյան կուսակցություն. « Հարյուրամյակների ընթացքում հայ ժողովրդի գոյատևման միակ գրավականը եղել է այն, որ զենքը ձեռքին մաքառել է»

Haynews.am. 8-5-2010- Այսօր Արցախի ներկայացուցչության շենքի առջև Հնչակյան կուսակցության կազմակերպած աջակցության հանրահավաքի ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյան ասաց. «20-րդ դարը մեզ համար երեք խոշորագույն հաղթանակներ է տվել` Սարդարապատ, Բեռլին ու Շուշի: 21-րդ դարում առաջին խնդիրը պետք է լինի այն, որ միավորվենք ու ողջ ուժով նվիրվենք բոլոր երկրների կողմից Արղցախի պաշտոնական ճանաչմանը: 21–րդ դարում դա կլինի մեր առաջին հաղթանակը»: ՍԴՀԿ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ հայտարարեց. «Այսօր հայ ժողովրդի համար թերևս ամենախորհրդանշական տոնն է: Մայիսի 8-ը, 9-ը հայ ժողովրդի փառքի օրերն են, օրեր, երբ հայ ժողովուրդը ի կատար է ածել իր բացառիկ հաղթանակները: Մեկը 1945թ-ին էր, երբ որ հայերը մտան Բեռլին, այն երկրի մայրաքաղաք, որը ժամանակին իր լռելյայն համաձայնությունն էր տվել հայկական կոտորածներին: Մյուսը հայ ժողովրդի բնօրրաններից մեկի` Շուշիի ազատագրումն էր»: Վարդան Խաչատրյանը նշեց. «Մենք եկել են այստեղ հայտարարելու, որ Ղարաբաղի սահմանը հայ ժողովրդի արևելյան սահմանն է և որևէ մեկը փորձի խախտել այդ սահմանը գործ է ունենալու ողջ հայ ժողովրդի հետ` լինեն նրանք ՀՀ քաղաքացիներ, թե Սփյուռքում բնակվող հայեր: Հարյուրամյակների ընթացքում հայ ժողովրդի գոյատևման միակ գրավականը եղել է այն, որ զենքը ձեռքին մաքառել է»: Հնչակյան գործիչը նաև ասաց. «Եվս մեկ անգամ շնորհավորելով միմյանց` հիշենք մեկ բան` հայ ժողովոուրդը զորեղ է իր ամբողջականության մեջ: Կեցցե’ հայկական բանակը, թող հավերժ հիշատակ լինի այն անձանց, ովքեր իրենց արյունը հեղեցին այն բանի համար, որ մենք այսօր բոլորի հետ կարողանանք խոսել որպես հավասարը հավասարի հետ»:

No comments: