Wednesday, May 26, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ԽԱԽՏԵԼ Է ԺԱՄԿԵՏԸ

Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ- Ն ի միջազգային խաղաղապահ գործողություններին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը եւ այլք: Սերժ Սարգսյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաեւ խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը:

No comments: