Sunday, January 23, 2011

Հայաստանն ու Վրաստանը հանդես են գալիս հայ-վրացական սահմանը հատելու ընթացակարգը պարզեցնելու օգտին

News.am. 22-1-2011- 2010 թվականին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Այս մասին նշվել է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի Երեւանում կայացած առանձնազրույցի ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին գոհունակությամբ են խոսել հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, որի օրինակներից մեկն էլ երկու նախագահների նախաձեռնությամբ անցկացված հայ եւ վրացի դպրոցականների օլիմպիադան է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարեւորել են նաեւ տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Նախագահներ Սարգսյանն ու Սահակաշվիլին անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:

No comments: