ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Նման կարծիք սեպտեմբերի 24-ի ասուլիսում հայտնեց Երեւանի Քաղաքական զարգացումների հետազոտությունների կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը: Ըստ նրա, Թուրքիայի համար դա ձեռնտու է այն առումով, որ Հայաստանը ամենակարճ ճանապարհն է դեպի Միջին Ասիա եւ Ադրբեջան: Բացի այդ, այն էապես կնպաստի Թուրքիայի արեւելյան շրջանների զարգացմանը: Երրորդ առավելությունն, ըստ նրա, այն է, որ սահմանի բացման դեպքում թուրքերը կազատվեն քրդական բեռից. վերջիններս կգաղթեն Հայաստան եւ Հարավային Կովկասի այլ երկրներ»,- ասաց Վ.Դիլանյանը: Իսկ Հայաստանի համար, ըստ քաղաքագետի, սահմանի բացումը հնարավորություն կտա հեշտությամբ մուտք գործել արաբական աշխարհ եւ Եվրոպա:
Ըստ Վ.Դիլանյանի, Թուրքիան ներկայումս փորձում է լուրջ դերակատարում ունենալ ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման գործում: Նրա գնահատմամբ, սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք արտգործնախարների հանդիպման արդյունքներում էական առաջընթաց կարելի է արձանագրել ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման հարցում:
Վ.Դիլանյանի կարծիքով, թուրքերը չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ չեն հավատում, որ իրենց նախնիները այդպիսի չարիք են գործել: «Թուրքիայի համար ավելի ձեռնտու է ցեղասպանության ճանաչումը, քանի որ այն կփրկի վերջինիս Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի Սենատի կողմից տարիներ շարունակ կիրառվող ճնշումներից»,- ասաց նա, հավելելով, որ հայ-թուրքական ներկայիս հարաբերություններն այդ առումով լուրջ երաշխիքներ են տալիս:
Թուրք քաղաքագետ, վերլուծաբան Թուրգութ Քերեմ Թունջալի խոսքերով, պետք է մի կողմ դնել անցյալի խնդիրները եւ օգտագործել բոլոր հնարավորությունները երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դյուրին գործընթաց չի լինելու: «Այդ ճանապարհը շատ դժվար է լինելու, սակայն ինչպես ասում են, երբեմն բուժումը ցավոտ է, սակայն փրկում է կյանքը»,- ասաց նա: Ըստ նրա, երկու կողմերը հարաբերությունների բարելավումը պետք է սկսեն շատ փոքր եւ մեղմ քայլերից: Դրանք են` սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Իսկ ամենակարեւորը` այդ հարաբերությունների զարգացման առանցքը, Թ. Քերեմ Թունջալի խոսքերով, պետք է լինի երկու երկրների հասարակությունների միջեւ հարաբերություններ հաստատելը:
Թ.Քերեմ Թունջալին նշեց նաեւ, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր կատարել ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման հարցում: «Թուրքիայի շահերից է բխում կայուն Կովկաս ունենալը, այդ իսկ պատճառով Թուրքիան կձգտի լուծել այդ խնդիրը»,- ասաց նա: Դա, ըստ թուրք քաղաքագետի, կազատի նաեւ Հայաստանին Ռուսաստանի կախվածությունից:
Sunday, September 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment