Wednesday, May 12, 2010

Վաղը Համբարձման տոնն է

Tert.am. 12-5-2010- Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Ս. Զատիկին` Քրիստոսի Հարությանը հաջորդող 40-րդ օրը, երբ Տերն Իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը և համբարձվեց երկինք (Գործք Ա:9-11, Մարկ. ԺԶ:19-20, Ղուկ. ԻԴ:50-53): Նախքան համբարձվելը պատգամեց. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերն, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-20): «Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանն ամբողջ աշխարհում` Տիրոջ գործակցությամբ...» (Մարկ. 16:20): Առաքյալներն իրենց քարոզության իշխանությունը ձեռնադրությամբ փոխանցեցին եպիսկոպոսներին, նրանք` իրենց հաջորդներին և այդպես շարունակ մինչև այսօր: Դրա համար էլ Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, իսկ հայ ժողովուրդը` Հայ Առաքելական եկեղեցու զավակ և առաքելական քարոզության կրող: Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վիճակ» և «Ջան գյուլում» (գյուլ` վարդ, ծաղիկ) անուններով: Ժողովրդական ավանդությամբ՝ տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Յոթ աղբյուրից հավաքած ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղկաթերթեր և աղջիկներին պատկանող իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կուժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը: Նրան, ում պատկանի առաջին իրը, մոտալուտ ամուսնություն կսպասվի: Կուժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց նախապես գրված խրատներ և բարեմաղթանքներ են տրվում: Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթի օրվանից: Սովորության համաձայն, կանայք այդ օրն անվանում են «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վառվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և նահատակում է: Քարանձավը, ուր նահատակվել է Վառվառե կույսը, դեռևս միջնադարից ուխտատեղի է: Ժողովուրդը հավատում է, որ քարանձավի պատերից մշտապես հոսող ջուրը Վառվառե կույսի արցունքներն են, որոնք բուժիչ ազդեցություն ունեն: Ամեն տարի ավանդաբար Համբարձման տոնի օրը նշվում է նաև Հայրապետական Աթոռի` Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին վերադարձի հիշատակը։ Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում։ Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից։

No comments: