![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiY_gg6aW8p7KjhkakothlUYy5K7J-uuaeZKA-SF-BAA3hHB6lBG3eqPxvF8tiwL1wVzI6NzTFbf5cVqzoXLJDf3LY2JaIW-LRk8_jIrdNmnWRhsxbi4WpldGI_mUjURQpQ8Ksu6AFR74DS/s200/Arart+Sar7,Web.jpg)
«Լրագիր» 18-5-2010- Տարիներ առաջ, երբ հոլիվուդյան ֆիլմերում ցուցադրվում էին ԱՄՆ սեւամորթ նախագահներ, դրանք ընկալվում էին որպես ֆանտաստիկայի ժանրը ներկայացնող ստեղծագործություններ: Հետո Ամերիկան ունեցավ առաջին սեւամորթ հրամանատարը` ի դեմս գեներալ Քոլին Փաուելի, ով ղեկավարում էր ամերիկյան ռազմարշավը` “Փոթորիկ անապատում”, Սադդամ Հուսեյինին քշելով Քուվեյթից:
Հետո ԱՄՆ ունեցավ իր առաջին սեւամորթ պետքարտուղարը` ի դեմս նույն գեներալ Փաուելի: Հետո ԱՄՆ ունեցավ իր առաջին սեւամորթ նախագահը` ի դեմս ծագումով քենիացի Բարաք Օբամայի: Մի քանի օր առաջ ԱՄՆ ունեցավ իր առաջին արաբ գեղեցկուհին` ի դեմս լիբանանցի 24-ամյա էմիգրանտ Ռիմա Ֆակիհի, ով նվաճեց “Միսս ԱՄՆ-2010” տիտղոսը:
Կարծես թե նկատելի է, թե կինոն ինչպես է տարեցտարի Ամերիկայում դառնում իրականություն: Գաղտնիք չէ, որ ամերիկյան, հոլիվուդյան կինոարտադրությունը ԱՄՆ քարոզչական հզոր գործիքներից մեկն է, որով փորձ է արվում որոշակի արժեքներ, մթնոլորտ, մտածողություն ձեւավորել թե սեփական երկրում, թե դրա սահմաններից դուրս: Ու երբ դիտարկում ենք ԱՄՆ պետական ընթացքը, ապա արձանագրում ենք, որ դա նպատակներ, արժեքներ սահմանելու եւ պետական ու հասարակական ճկունության շնորհիվ արագ վերափոխվելու, այդ արժեքների կենսագործման հասնելու, պահը, ժամանակը բաց չթողնելու մի օրինակ է, որ դրվում է ի ցույց աշխարհի: Այլ կերպ ասած, ԱՄՆ հռչակում է արժեքներ եւ իր կյանքի ընթացքով տեր է կանգնում դրանց:
Արժեքներ հռչակում են շատ երկրներ, շատ պետություններ, շատ էլիտաներ: Օրինակ, եթե փորձենք վեր հանել այն արժեքներն ու նպատակները, որ հռչակվել են Հայաստանի անկախությունից ի վեր, երեւի թե դրանք կբավականացնեն 10 կամ 20 Ամերիկաների պատմության: Բայց երբ փորձում ենք դիտարկել, թե հռչակված արժեքներից քանիսին է տեր կանգնել Հայաստան պետությունը, ապա տեսնում ենք, որ 20 տարվա մեջ ձեւավորված հիմնական “արժեքները” բացարձակապես կապ չունեն հռչակվածների հետ:
Անշուշտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ իր կազմավորման եւ ձեւավորման առաջին տասնամյակներին գուցե ավելի լավ վիճակում չի եղել, քան Հայաստանն այժմ: Ավելին, գուցե առավել վատ վիճակում է եղել: Բայց ախր ժամանակակից պետություն կառուցելու առումով ամերիկացիներին օրինակ ցույց տվող չի եղել, ուրիշների սխալ չի եղել, որից հնարավոր կլիներ դասեր քաղել: Չեն եղել նախադեպեր, չեն եղել պետականաշինության գիտական աշխատություններ, չի եղել համաշխարհային փորձ, չի եղել օգնություն` դրամաշնորհների, վարկերի, Սփյուռքի տեսքով: Թեեւ միգուցե հենց դրանում է եղել ԱՄՆ հաջողության գրավականը որպես պետություն: Միգուցե երբ այդ ամենը չկա, տվյալ հասարակությունը, տվյալ ժողովուրդը կամ էթնոսը ստիպված միտք է զարգացնում, միտքն է գնահատում, հասկանում եւ գնահատում է ինտելեկտի եւ գիտության իրական արժեքը, ոչ թե դրանց քարոզչական փոխարժեքը:
Եվ այդ ամենով հանդերձ, ու անկախ այդ ամենից, միեւնույն է, հայության պարագայում այն դիտարկումը, թե մենք նոր ենք պետություն կառուցում եւ պետք չէ համեմատվել այլոց, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կրկին այդքան էլ հիմնավոր չէ: Բանն այն է, որ մենք պետություն ունեցել ենք Ամերիկայից հազարամյակներ առաջ: Բայց նրանք 200 տարում դարձել են աշխարհի ամենահզոր պետությունը, իսկ հայությունը ոչ միայն չի հզորացել, այլ կորցրել է թե պետականությունը, թե նվազել է թվաքանակով, թե տարածքով, թե ռեսուսներով: Ու դրա պատճառը մեր շուրջը հյուսված հակահայկական դաշինքներն ու նվաճող հարեւանները չեն, մեր աշխարհագրական վատ դիրքը չէ, ինչը ներշնչվում է սերնդե սերունդ, արմատավորելով այն գաղափարը, թե ամբողջ աշխարհը հայերի դեմ էր աշխատում, դրա համար էլ մենք այդքան փոքրացանք ու կոտորվեցինք, մեզ խաբեցին, մեզ դավաճանեցին:
Ու այդպես, տարիների ընթացքում, տնտեսական, քաղաքական, հոգեւոր եւ մտավորական “էլիտաների” հետեւողական եւ համառ աշխատանքի շնորհիվ ձեւավորվեց այն ազգային հոգեբանությունը, որ մեր դժբախտությունների բուն պատճառը մեր վատ աշխարհագրական դիրքն ու մեր թախծոտ աչքերն էին, որոնք կատաղության էին հասցնում մեր մոտ ու հեռու հարեւաններին: Բոլորն ու ամեն ինչ պատճառ էին, միայն ոչ մենք, ոչ մեր սխալները, ոչ մեր մտավոր տկարությունը, սահմանափակությունը, մեր էլիտաների կաղապարված մտածողությունը, որից երբ այդ էլիտաների ներկայացուցիչներից որեւէ մեկը դուրս է եկել, շատ արագ հասել է հաջողության, բայց հաջողությունն էլ շատ կարճ է տեւել, որովհետեւ շատ արագ դարձել է “ազգային” հոգեբանության զոհ` բառի բուն եւ պատկերավոր իմաստներով: Այդ հոգեբանությունն ամենից հարմարն էր այդ բոլոր էլիտաների համար, որովհետեւ նրանց ազատում էր պատասխանատվությունից, հասարակության առաջ ունեցած պատասխանատվությունից: Այդ հոգեբանության խորացումը շարունակվում է մինչեւ այսօր, երբ իշխող “էլիտաները” որեւէ հանրային գործողություն բնորոշելիս, գնահատելիս կամ հիմնավորելիս ելման կետ են ընտրում արտաքին թշնամու կերպարը` “թշնամուն չօգնենք” կամ “թշնամուն չուրախացնենք” տարբերակով, երբ նույն այդ “էլիտաներին” ուղղված որեւէ հասարակական պահանջ հետ է մղվում հենց այդ տարբերակներով:
Ազգային այդ հոգեբանությունն է պատճառը, որ Հայաստանի հասարակության եւ քաղաքական շրջանակների գերակշիռ մասն ավելի կարեւոր են համարում ոչ թե այն, թե ինչ է կատարվում Երեւանում, Գյումրիում, Կապանում կամ Բարեկամավանում, այն այն, թե ինչ են քննարկում Մեդվեդեւը կամ Գյուլը, Օբաման եւ Էրդողանը, Մեդվեդեւն ու Օբաման: Հասարակության եւ քաղաքական շրջանակների գերակշիռ մասը Հայաստանի ճակատագիրը կապում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակի, այստեղ ընդունվող որոշումների եւ ձեռնարկվող լուծումների, այլ համաշխարհային մայրաքաղաքներում կայացվող հանդիպումների հետ: Եվ այդ մտայնությունը ոչ միշտ է, որ թելադրված է պարզապես ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու մղումով: Ամենեւին, պարզապես հասարակության զգալի մասի մտածողությունը կոդավորված է հենց այդպես, որ մեր ճակատագիրը, մեր հաջողություններն ու անհաջողությունները պայմանավորված են ոչ թե մեր մտքով, կամքով, մեր արժեհամակարգով եւ աշխարհընկալմամբ, դրանից բխող գործողություններով, այլ աշխարհի այս կամ այն կետում կայացվող որոշումներով եւ հանդիպումներով:
Դրանք անշուշտ չեն կարող նշանակություն չունենալ: Ունեցել են թե դարեր առաջ, թե առավել եւս այժմ, երբ աշխարհը փոքրացել է, հաղորդակցության եւ փոխազդեցության կոմունիկացիոն հնարավորությունները մեծացել են, արագացել: Բայց միեւնույն է, որոշիչը եղել է, կա ու լինելու է այն, թե ինչ ենք մենք ներկայացնում մեզանից, ինչպիսին ենք մենք ուզում լինել, ինչ պետություն ենք մենք ուզում ունենալ, արժեքային ինչ դավանանք ենք նախընտրում, ինչ հոգեբանության եւ մտածողության տեր սերունդ ենք ձեւավորում եւ արդյոք այդ ամենի հիմքում դնում ենք այն հավատամքը, որ մեր ճակատագիրը պայմանավորված է մեզանով, կախված է մեզանից, եւ մեր ճակատագրի վրա օտարների ազդեցության չափը հակադարձ համեմատական է մեր այդ գիտակցության խորությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment