Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից առաջ ծրագրում էր ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը, սակայն, վերջին պահին կանխել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT)։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով ադրբեջանական Yeni Musavat թերթում տեղ գտած հրապարակումը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու ծրագիրը վերջին պահին կանխել է MIT-ը։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության միջամտությունը Ալիևի ծրագրերին տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ: Եվ ուշագրավ է այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրումից առաջ: Թուրքիան, կանխելով Ադրբեջանի ծրագրերը, կասեցրեց նաև Հայաստանի հետ սկսված գործընթացի ձախողումն ու իր հեղինակության խաթարումը: Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածության էությունն ու գաղտնիքը կապված է հենց այդ հարցի հետ: Եթե Ադրբեջանն այդ ժամանակաշրջանում ռազմական գործողություն սկսեր, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունն ամբողջությամբ կձախողվեր»,- գրում է Yeni Musavat-ը «MIT-ը վերջին պահին կանխեց Իլհամ Ալիևի պատերազմը» խորագրով հրապարակման մեջ:
Իր հերթին Hurriyet օրաթերթը, վկայակոչելով MIT-ում իր աղբյուրները, գրում է, որ ներկա փուլում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գա ադրբեջանական պարբերականի պնդումների առնչությամբ, և հնարավոր չի լինի պարզել թերթի հրապարակման իսկությունը: Իսկ Թուրքիայի արտգործնախարարությունը հարցի առնչությամբ հայտարարել է. «Մենք կողմ ենք խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն»:
Yeni Musavat թերթը գրում է նաև, որ Թուրքիան այսօր էլ «կկանգնեցնի» Ադրբեջանին, եթե վերջինը ցանկանա խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
Tuesday, May 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment