Tert.am. 19-6-2012- Այսօր Հայաստանում երիտասարդներն ինքնասպանություն են գործում կրոնական դրդապատճառներով պայմանավորված. նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական շարժումների մեջ, դրանցից է,օրինակ, Էմոն: Նրանք դա (ինքնասպանության դիմելը- Tert.am) անում են հաճախ հանուն այդ շարժման գաղափարի: Կան երիտասարդներ, ովքեր այնքան «գրագետ» են ինքնասպանություն գործում, որ զգացվում է՝ կամ տեսել, կամ կարդացել են այդ մասին: Սրան ևս պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց հոգեբանը: Վերջինս համոզված է, որ ինքնասպանությունների թվի ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվածային լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են ներկայացվում ինքնասպանության դեպքեր: Շարունակելով հոգեբանի միտքը` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս նշեց, որ այսօր գոյություն ունի ինքնասպանություն գործել ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ թե ինչպե՞ս դա անել, կտակ գրե՞լ, թե՝ ոչ և այլն: «Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկացած տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը: Բայց պետք է նշենք, որ կրոնը ևս մեծ նշանակություն ունի: Օրինակ, բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, կաթոլիկները՝ ավելի քիչ: Կան մուսուլմանական երկրներ, որտեղ ինքնասպանություններ չեն գրանցվում: Հայաստանում, քանի որ մարդիկ ավելի շփվող են, միշտ գտնում են մեկին, որ իրենց օգնի»,- ասաց Ադիբեկյանն ու նշեց, թե Հայաստանում ինքնասպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է: Սոցիոլոգը փոխանցեց հետևյալ տվյալը՝ 2011թ.-ին Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ: Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին, նշեց, որ Հայաստանում պատանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է՝ երեխայի ձևավորման տարիքում: «Մեր հարցումներում՝ դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը հացը բերեց դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը»,- նկատում է Ադիբեկյանը: Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին, սոցիոլոգը նշեց, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով: «Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին երկար ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի ծնունդից, աբորտներից հետո և ամսեկան ցիկլի ժամանակ»,- ասաց սոցիոլոգն ու տղամարդկանց հորդորեց՝ նման պահերին կանանց նկատմամբ ավելի ուշադիր ու քնքուշ լինել և չհամաձայնվել, որ նրանք գնան աբորտի:
Wednesday, June 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment