Saturday, March 19, 2011

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Բաքուն «տեղաշարժ է զգում»

News.am. 19-3-2011- Բաքուն գնահատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի դերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը` մարտի 18-ին Մոսկվայում հանդես գալով տնտեսական համագործակցության միջկառավարական երկկողմ նիստում:
«Մենք գնահատում ենք Ռուսաստանի դերը եւ տեղաշարժ ենք զգում կարգավորման գործընթացում», - Էյուբովի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն էր ընդունվել:

Առաջնորդները քննարկել էին 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության գործնական իրականացման հարցեր: Մասնավորապես` նախագահները պայմանավորվել էին սեղմ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը:

Բացի այդ, փատաթղթում ընդգծվում էր կողմերի ձգտումը` «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ շփման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնելու հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Նախագահներն ընդգծել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվել շարունակել դրանք այդ ձեւաչափով ` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

No comments: