Sunday, June 20, 2010

ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Հունիսի 18-ի ուշ երեկոյան Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում, ադրբեջանական բանակը հերթական ռազմական սադրանքն արեց: Սույն սադրանքը նաև հերթական փորձությունն էր հայկական երկրորդ պետականության համար: Այս փորձությանը, որպես կանոն, դիմակայեց մեր բանակը, որը երկու կարևոր գործառույթ իրականացրեց: Առաջինն ու ամենակարևորը, կամ` իր հիմնական պարտականությունը` պաշտպանեց մեր երկրի սահմանները և հակահարված տվեց հակառակորդին: Եւ երկրորդ գործառույթը` ժամանակին արձագանքեց ոչ միայն զենքով, այլև տեղեկատվությամբ, ի չիք դարձնելով կատարվածը խեղաթյուրելու ադրբեջանական հնարավոր փորձերը: Իսկ ի՟նչ արեց արցախյան դիվանագիտությունը, արցախյան քաղաքական իստեբլիշմենտը: Ոչինչ: Բացարձակապես ոչինչ: Համենայն դեպս` հրապարակավ: Եթե կատարվածին անմիջապես արձագանքեց ՀՀ արտգործնախարարը` տալով բավականին կոշտ ու զգացմունքային գնահատական, իսկ որոշ ժամանակ անց էլ` ՀՀ նախագահը, նույնպես անելով ճիշտ շեշտադրումներ ու ձգտելով կատարվածն օգտագործել հայկական կողմի համար նպաստավոր եզրահանգումների համար, ապա Արցախում, որտեղ էլ, ըստ էության, կատարվել էր դեպքը, քաղաքական արշալույսները, ինչպես միշտ, խաղաղ էին: Ոչ ոք չարձագանքեց` ոչ երկրի նախագահը, ոչ արտգործնախարարը, ոչ էլ նորընտիր պատգամավորները: Լրագրողները հուսահատ ու ապարդյուն փորձեր էին անում որևէ կարծիք կորզել: Բայց, հավանաբար, ավելի կարևոր գործեր կային: Դեպքի հաջորդ օրը` հունիսի 19-ին, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երկու տեղեկություն տարածեց: Դրանցից առաջինում նախագահն այցելում է Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղ և մասնակցում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը (կարծես թե ավելի հարմար առիթ չէր էլ կարող լինել նախորդ օրը կատարվածին արձագանքելու համար)` “ընդգծելով նման միջոցառումների դերը պետականաշինության և մատաղ սերնդի դաստիարակության գործում` այն համարելով քաղաքական և հոգեբանական կարևոր գործոն”, իսկ երկրորդում Բակո Սահակյանը ԼՂՀ պատվավոր կոչումներ է շնորհում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցողներին: Ահա և վերջ` կասեր հայտնի երգիչը: Մեկ անգամ ևս փաստվեց, որ ԼՂՀ-ն քաղաքական գործոն չէ, քաղաքական միավոր չէ: Այսպիսին է քաղաքական չգոյության բանաձևը: Միգուցե հենց այս չգոյությունից է ածանցյալ հակառակորդի ռազմական գնալով ահագնացող սադրանքների գոյությունը: ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Անալիտիկոն ամսագրի գլխավոր խմբագիր Ստեփանակերտ

No comments: