Sunday, June 20, 2010

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Ղարաբաղում կատարվածի առնչությամբ

News.am. 19-6-2010- «Մենք խորը ափսոսանք ենք հայտնում կատարվածի առնչությամբ։ Հատկապես ցավալի է այն փաստը, որ այս միջադեպի արդյունքում մարդիկ են զոհվել»։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։ Նա նշեց, որ Ռուսաստանի առավել ընդգրկուն գնահատականը Լեռնային Ղարաբաղի միջադեպի առնչությամբ կհրապարակվի օրվա ընթացքում։ «Միջադեպը լուրջ է, ես տեսել եմ պրն. Նալբանդյանի հայտարարությունը, սակայն մանրամասներին դեռեւս չեմ տիրապետում»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին ետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Նշենք, որ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից անմիջապես հետո Ալիեւը վերադարձել է Բաքու՝ չցանկանալով մասնակցել կայանալիք տնտեսական համաժողովին։

No comments: