Monday, June 21, 2010

Սաուդաբաևն ապականում է ԵԱՀԿ ղեկավարի չեզոքության գաղափարը. ՀՀԿ

Tert.am. 21-6-2010- «Ղարաբաղյան հակամարտության լուծման մանդատը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ձևաչափում և այդ գործընթացում Թուրքիայի խցկվելու փորձերն ապարդյուն են անցնելու»,– Теrt.am–ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Կանադ Սաուդաբաևի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ–ն գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Սաուդաբաևը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարևոր դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում»։ «Պետք է նշել, որ պարոն Սաուդաբաևը ապականում է ԵԱՀԿ նախագահի չեզոքության գաղափարը և նման քայլով ստվեր է գցում ոչ միայն իր երկրի, այլև ԵԱՀԿ–ի վրա»,– հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։ «Թուրքիան երբեք չի կարող ԼՂ հարցում միջնորդ լինել»,– շեշտեց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ ԼՂ խնդրով զբաղվելու փոխարեն Ղազախստանի արտգործնախարարը կարող է զբաղվել թե՛ իր երկրի ներքին, թե՛ թուրք–կիպրական խնդրով։

No comments: