Monday, June 21, 2010

«Ազադլըգ». Ադրբեջանը միայն նավթի եկամուտներով է ապրում

Panorama.am. 21-6-2010- Ադրբեջանի Միլլի մեջլիսը վավերացրել է 2010 թ-ի պետական բյուջեում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին տնտեսական քաղաքականության և ագրարային քաղաքականության հանձնաժողովների ներկայացրած նախագիծը: Այդ նախագծի համաձայն, բյուջետային եկամուտները պետք է կազմեն 11 մլրդ 505 մլն մանաթ, այսինքն` 2010 թ-ին բյուջեի եկամուտները պետք է 1 մլրդ 490 մլն մանաթով աճեն: «Իսկ ինչի՞ հաշվին»,- հարցնում է «Ազադլըգը» և պատասխանում, որ արդեն որոշված է, որ այդ եկամուտների 490 մլն-ը պետք է ապահովեն Հարկերի նախարարության, իսկ 1 մլրդ մանաթը` Նավթի պետական հիմնադրամի տրանսֆերները: Թերթը գրում է, որ նախագիծը կյանքի կոչելուց հետո Հարկերի նախարարության գծով բյուջե մտնելիք ծրագրված միջոցները կկազմեն 4 մլրդ 470 մլն մանաթ: «Եթե 11 մլրդ 505 մլն մանաթանոց բյուջեի միայն այդքանն է հարկերից, ապա մնացած մասը որտեղի՞ց պետք է լինի: Բյուջեի 5.9 մլրդ մանաթը կապահովի Նավթի հիմնադրամը: Բայց նավթի հատվածից եղած փողերը դրանով չեն սահմանափակվում: Հարկերի նախարարության միջոցով բյուջե մտնող փողերի, այսինքն` 4 մլրդ 470 մլն մանաթի հիմնական մասը նավթի հատվածից է: Դրա 1 մլրդ 320 մլն մանաթը Նավթի պետական ընկերության հարկերն են, 670 մլն մանաթը` Ադրբեջանի միացյալ էներգացանցերի հարկերը, իսկ 250 մլն մանաթը` նավթի հատվածին կից կապալառու կառույցների հարկերը»,- պարզաբանում է թերթը: «Մի խոսքով, Հարկերի նախարարության միջոցով ապահովվող բյուջեի եկամուտների 2 մլրդ 240 մլն մանաթը նավթի հատվածից է: Բյուջեի հետ կապված նավթի պատկերը հետևյալ տեսքն ունի` 11,5 մլրդ-ոց բյուջեի 5.9 մլրդ-ը Նավթի հիմնադրամից է, 2.24 մլրդ-ը` նավթի հատվածում եկամուտների հարկերից: Այսինքն, բյուջեի ընդհանուր առմամբ 8.14 մլրդ-ը նավթի հատվածից է: Դա ընդհանուր բյուջեի 70 տոկոսն է: Այդ թվերի ցավալի ճշմարտությունը պնդող ճանաչված տնտեսագետ Ռովշան Աղաևն ասում է, որ բյուջեում, դրանից բացի, չերևացող նավթային եկամուտներ էլի կան: Օրինակ, նավթի հատվածում շինարարությունից մուտքագրվող եկամուտները վերագրվում են շինարարական հատվածին: Այո, Ադրբեջանը իսկական նավթային երկիր է, նույնիսկ կարելի է ասել, որ այն միայն նավթ ունեցող և նավթից եկող եկամուտներով ապրող երկիր է: Իսկ Իլհամ Ալիևը դա զարգացում է անվանում…»,- հեգնանքով գրում է «Ազադլըգը»:

No comments: