Monday, June 21, 2010

Պիտեր Սեմնեբի. «Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի գործողությունների վրա»

Haynews.am. 21-6-2010- Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ. գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն առավել ակտիվ կիրականացնի Եվրոպական հարևանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես` Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները, ինչպես նաև` Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Պիտեր Սեմնեբին ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա: Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եւրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն բանաձևերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են և հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդից, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցեր:

No comments: