Saturday, June 19, 2010

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` «ԼՈՒՌ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՓՈՒԼՈՒՄ

«ԱԶԳ», 19-06-2010- Տարածաշրջանում կատարվող իրադարձությունների` հատկապես թուրք-իսրայելական ճգնաժամի պայմաններում վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունները, թուրքագետ Արտակ Շաքարյանը ուշադրություն է հրավիրում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում կատարված փոփոխությանը: «Մերձավոր Արեւելքի տարածաշրջանից մի տեսակ ինքնամեկուսացվել է եւ ակտիվ դերակատարություն չի դրսեւորում, ինչի պարագայում Թուրքիան է ակտիվացել: Թուրքիայի յուրաքանչյուր ակտիվությունը պետք է բացասական դիտարկել Հայաստանի համար` հայ-թուրքական եւ արցախյան հակամարտության համատեքստում: Քայլ առաջ Թուրքիայի համար, նշանակում է քայլ հետ Հայաստանի համար», ասաց նա: Թուրքագետ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանն էլ փաստեց, որ Թուրքիային զուգահեռ ակտիվանում է նաեւ Ռուսաստանը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պասիվացումն էլ պայմանավորում է ԱՄՆ-ի հակաիրաքյան եւ հակաաֆղանական պատերազմներում պարտությամբ: Չաքրյանի մեկնաբանությամբՙ տարածաշրջանում առկա իրավիճակը չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացմանը: «Թուրք-իսրայելական ճգնաժամի պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ուստի ամերիկացիները չեն կարող անհրաժեշտ ճնշումներ գործադրել թուրքական կողմի վրա, որ Անկարան ընդառաջ քայլ կատարի հայ-թուրքական հարաբերություններում մերձեցման գործընթացն առաջ տանելու համար»: Թուրքագետները փաստում են, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն ընդհատվել. որոշակի փուլում կանգ են առել, եւ մեկնարկել է լուռ դիվանագիտության փուլը: Չաքրյանը պատմում է, որ Անկարայից հայտարարություններ են հնչում, թե հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ շփումները շարունակվում են փակ դռների հետեւում, սակայն դրանով թուրքերը շփումների պատրանք են ստեղծում` հնարավոր ճնշումները չեզոքացնելու համար: «Այդ պայմաններում հայկական կողմը պետք է հրաժարվեր շփումներից` թույլ չտալով Անկարային շփումների պատրանքը ծառայեցնել սեփական շահերին»: Անդրադառնալով Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանըՙ Շաքարյանն այն որակեց Անկարային վախեցնելու եւ ճնշում գործադրելու փորձ` առաջարկելով չմոռանալ, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի տապալման հիմնական դերակատարը հրեական լոբբին է, Իսրայելն ու Հայաստանը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն: Նա հայ-իսրայելական հարաբերություններում ապագա չի տեսնում, որովհետեւ Հայաստանն արաբական աշխարհում բազմաթիվ համայնքներ ունի, եւ այդ դաշինքը բացասական ազդեցություն կունենա համայնքների վրա: Հակոբ Չաքրյանի համար անհասկանալի է թուրք-իսրայելական ճգնաժամի ու լարվածության վերաբերյալ հայկական շրջանակների ոգեւորությունը: «Ճգնաժամի հիմքում թուրքական կողմի ձգտումն է` հակաիսրայելական կեցվածք ընդունելով արաբական իսլամական աշխարհում ամրապնդել դիրքերը, իսրայելական կողմն էլ թուրքական սպառնալիքներին կոշտ պատասխան տալով փորձում է Գազայի հատվածում պահպանել ստատուս քվոն: Եթե այդ համատեքստում հույսեր ենք փայփայում, որ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ` ընդունում ենք, որ այդ հարցը կարելի է շահարկել: Եթե Իսրայելը Թուրքիային վախեցնելու համար ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որեւէ մեկին երախտապարտ չպետք է լինենք, որովհետեւ ճանաչել է մարդկության դեմ կատարված հանցագործություն», ասաց նա: Նկար 1. Արտակ Շաքարյանը եւ Հակոբ Չաքրյանը ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: