Sunday, June 20, 2010

Ղարաբաղ-Ադրբեջան կոնֆլիկտ. Թուրքիայի համար լսելի է միայն Բաքվի ձայնը

Panorama.am. 19-6-2010- Հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ռուսական և բազմաթիվ այլ միջազգային լրատվամիջոցներ իսկույնևեթ նյութեր հրապարակեցին ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հերթական այդ դեպքի մասին: Իսկ ահա թուրքական լրատվամիջոցները տեղի ունեցածին անդրադարձան միայն երեկոյան: Այնպիսի լրատվական առաջատարներ ինչպիսիք են «CNNTurk»-ը, «Cumhuriyet»-ը և «Hurriyet»-ը, դրսևորելով ոչ-օբյեկտիվ ու կողմնակալ լրատվական մարտավարություն, համառորեն կրկնում են պաշտոնական Բաքվի տարածած ապատեղեկատվությունը: Հղում տալով միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը և վկայակոչելով նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի անհեթեթ ու հիմնազուրկ հայտարարությունները, հիշյալ լրատվամիջոցները թուրքական լսարանին հրամցնում են խեղաթյուրված տեղեկություններ: Ակնհայտ է, որ թուրքական մամուլի համար լսելի է միայն մեկ ձայն` Բաքվի ձայնը: Տարածաշրջանի կայուն խաղաղության ու համերաշխության մասին անընդհատ ճառող պետության` Թուրքիայի լրատվամիջոցները, փաստորեն, միտումնավոր կերպով տուրք են տալիս ադրբեջանական սադրանքին: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է:

No comments: