Sunday, June 20, 2010

Huliq. Այդ պարագայում հիմնախնդրի արագ հանգուցալուծումը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է

Panorama.am. 19-6-2010- Ադրբեջանի նախագահը արհամարեց Ռուսաստանի նախագահի խաղաղարար ջանքերը, գրում է Huliq.com-ը և նշում, որ Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական զինված ուժերը ներթափանցեցին Լեռնային Ղարաբաղի տարածք: Պարբերականը, վկայակոչելով ՌԴ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրությունը, հիշեցնում է, որ կատարվածից ընդամենը մի քանի ժամ առաջ եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել էին իրենց պատրաստակամությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծելու ուղղությամբ: Այնուհետև Huliq.com-ը հիշեցնում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունն այն մասին, որ «Ռուսաստանի նախագահի հովանու ներքո կազմակերպված եռակողմ հանդիպման արդյունքում հույս կա, որ ղարաբաղյան հիմնախնդրին լուծում կտրվի»: «Եվ ահա այս հաղորդագրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը գրոհում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու հանդիպելով ուժգին դիմադրության, նահանջում: Զինված բախման հետևանքով հայկական կողմը տվել է 4 զոհ, ադրբեջանական կողմից մեկ զինվոր է մահացել»,- գրում է պարբերականը: Իր հերթին, ըստ Huliq.com-ի, Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Փոլուխովն ասել է, որ այդ զինված բախումը ցույց է տալիս, որ այս հակամարտությունը դեռևս չի լուծվել և պատերազմը չի ավարտվել: «Եվ այս ամենը հակառակ այն բանի, որ Ադրբեջանը ստորագրել է զինադադարի մասին համաձայնագիր և համաձայնություն է հայտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` միանալով Եվրոպայի Խորհրդին և ստորագրելով Մայնդորֆյան հռչակագրի տակ»,- հիշեցնում է Huliq.com-ը: Իրավիճակը պարբերականը կարճ պատկերում է այսպես. «Ռուսաստանում Ադրբեջանի ղեկավարությունը և նրա նախագահը համաձայնում են արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, իսկ Ադրբեջան վերադառնալուն պես, սկսում են սպառնալ, վախեցնել և ահա այս դեպքում դրա հետևանքով հինգ մարդկային կյանք խլվեց: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ու նրանց նախագահներին, ովքեր ակտիվորեն աջակցում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը խարխլում է բանակցությունների հիմքը և շարժվում այլ ուղղությամբ, պարբերականը տեսակետ է հայտնում, որ հիմնախնդրի արագ հանգուցալուծումը Կոսովոյին հետևելն է և Լեռնային Ղարաբաղը Հանրապետության ճանաչումը: «Ադրբեջանը շահագրգռված չէ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և հանդես է գալիս որպես ագրեսոր: Երբ Ադրբեջանը ճանաչի երկրի անկախությունը, այն ժամանակ Հայաստանը կարող է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները»,- տեսակետ է առաջ քաշում Huliq.com-ը:

No comments: