Panorama.am. 16-6-2010- Նախորդ շաբաթ Երևանում անցկացված սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի և սևծովյան ավազանի երկրների կոմիտեի նիստին իր մասնակցությունն էր բերել նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սալադին Ալլահվերդիևը: Նա Ադրբեջան վերադառնալուց հետո անմիջապես հարցազրուց էր տվել «Դեյ.ազ» լրատվական կայքին՝ նշելով, որ ինքը Երևանում համոզվել է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենահետամնաց երկիրն է ու ծանր սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է գտնվում:
«Սալադին Ալլահվերդիևը գառնարածին յուրահատուկ «անմեղ» դատողություններով ու քոչվորականին բնորոշ շուստրիությամբ փորձել է տպավորություններ կիսել` երևի թե մտածելով, որ իր պես հարիֆներ ու յազըխներ էլի կան (ներողություն եմ խնդրում ադրբեջանական բառեր օգտագործելու համար)»,- մեկնաբանելով Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ Սալադին Ալլահվերդիևի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը
Նա նշեց, թե այն, որ ադրբեջանցիները բոլոր հնարավոր առիթներն օգտագործում են հակահայկական քարոզչության միջոցով ապատեղեկատվություն տարածելու համար, վաղուց արդեն նույնիսկ միջազգային հանրության համար նորություն չէ:
«Եվ այդ մեթոդը վերջիններս կիրառում են նաև իրենց ժողովրդի վրա: Ադրբեջանի քաղաքական շրջանակները վաղուց արդեն ի զորու չեն որևէ կերպ քողարկելու իրենց անճարությունը սեփական երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներն ու սոցիալական անարդարությունները լուծելու համար: Եվ սեփական ժողովրդին մխիթարելու նպատակով դիմում են քարոզչական տարբեր հնարքների` իբրև մի վհատվեք, Հայաստանում ավելի վատ վիճակ է և այլն: Ադրբեջանում տիրող ֆեոդալական կարգերի և Ալիևների կլանի երկարակեցության ապահովման համար իրականացվող հակաժողովրդավարական ձեռնարկները տարբեր առիթներով ցնցել են միջազգային հանրությանը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Նա նշեց, թե մեկ բան հստակ է, որ որքան ժամանակ Ադրբեջանում իշխի Ալիևների կլանը, իսկ Ադրբեջանի քաղաքական դաշտում գոյություն քարշ տան Ալլահվերդիևի «մալլումի» պես ստախոս քաղաքական գործիչները, այնքան ժամանակ շարքային ադրբեջանաբնակները ապրելու են վախի, կեղծիքի և ստի ազդեցության տակ:
«Իսկ միայն նավթ ծախելով իշխանավորները չեն խելոքանում, ոչ էլ ժողովրդավար են դառնում: Դա ընդամենն աչքակապության ժամանակավոր ձևերից մեկն է, որ մի օր սպառվելու է: Միաժամանակ ուզում եմ ասել, որ թեկուզև ադրբեջանցիները Բաքվում և Սումգաիթում անասելի գազանություններով ու վայրագությամբ իրականացրած ցեղասպանության հեղինակներ են, ինչպես նաև տևական ժամանակ պատերազմ են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, այնուամենայնիվ կարեկցում եմ նրանց, քանի որ համոզված եմ, որ նրանք ևս հոգնել են իրենց քաղաքական գործիչների կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններից»,- ասաց խորհրդարանականը:
Նա նշեց, թե Սալադին Ալլահվերդիևի դատարկաբանությունները կարդալուց հետո ոգևորվողներին խորհուրդ կտա մեկ առ մեկ թերթել Ադրբեջանի նորագույն պատմության (ուրիշ պատմություն չունի) 1993թ. հուլիսի 23-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի տխրահռչակ էջերը, որի ամենամեծ մեղավորները հենց Ալլահվերդիևի պես «ազրահիլ կտրած ասլաններն» էին:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment