Monday, June 21, 2010

ԶՈՀԻ ԲԱՐԴՈՒՅԹԸ

«Լրագիր» 21-6-2010- Արձագանքելով ադրբեջանական դիվերսիային, Հայաստանի իշխանությունը օգտագործեց “ուխտադրուժ հարձակում գիշերվա քողի տակ”, “դավադիր” հարձակում բառակապակցությունները: Թե ում վրա եւ ինչ տպավորություն էր փորձում դրանցով թողնել Հայաստանի իշխանությունը, անհասկանալի է: Դա միանգամայն հասկանալի կլիներ, եթե ասենք խոսքը վերաբերեր կատարվածին Հայաստանի ասենք Գրողների միության արձագանքին: Բայց այդպես արձագանքում է Հայաստանի իշխանությունը: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի իշխանության հետ եղել է գիշերով չհարձակվելու թաքուն պայմանավորվածություն, որը ադրբեջանցիները խախտել են: Սրանից կարելի է անել երկու հետեւություն: Եթե եղել է այդպիսի համաձայնություն, որը խախտվել է, ապա դա վկայում է հայկական կողմի միամտության մասին, որը հավատալով ադրբեջանցիներին, գիշերները թուլացրել է զգոնությունը եւ հայկական զինուժը պատրաստ չի եղել գիշերային դիվերսիաների: Այդ պարագայում, սա, դժբախտաբար հայ զինվորների կյանքի գնով, ամենաակնառու պատասխանն է այն տեսակետի, թե կարելի է փոխզիջման գնով խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ եւ Ղարաբաղի համար ապահովել միջազգային երաշխիքներ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ կարելի է Ադրբեջանի հետ ինչ որ թուղթ ստորագրել խաղաղության մասին ու դրա դիմաց նրան հանձնել ռազմաստրատեգիական կարեւոր դիրք հանդիսացող տարածքները եւ լինել անվտանգ, ապա թերեւս կատարված միջադեպից հետո առնվազն պետք է մտածի իր մտածածի մասին: Եթե ադրբեջանցիների հետ չի եղել գիշերային հարձակումների “մարատորիում”, ապա այդ դեպքում արդեն Հայաստանի իշխանության արձագանքն է դառնում անհասկանալի, քանի որ կողքից լսողի մոտ դա ոչ թե արգահատանք է առաջացնելու ուխտադրուժ Ադրբեջանի հանդեպ, այլ առնվազն տարակուսանք Հայաստանի հանդեպ, որը Ադրբեջանի հետ լինելով ռազմական չավարտված, այլ ընդամենը ընդհատված դիմակայության մեջ, կարող է ադրբեջանցիների որեւէ հարձակում ուխտադրուժ եւ դավադիր որակել, այն դեպքում, երբ այդ երկրի պաշտոնյաները օրը մի քանի անգամ պատերազմով են սպառնում Հայաստանին: Այն, որ Ադրրբեջանի արածը սրիկայություն է, լինի դա “դիվերսանտի” ինքնագործունեություն, թե իշխանական բարձր մակարդակով կազմակերպված սադրանք, որեւէ կասկած չկա եւ Հայաստանում հազիվ թե գտնվի մեկը, որ մտածի Ադրբեջանի այդ քայլը արդարացնելու մասին: Բայց երբ Հայաստանի իշխանությունն արձագանքում է այդ սրիկայությանը, պետք է մտածի, որ այդ արձագանքը միայն Հայաստանում չէ, որ լսելու են: Իսկ երբ աշխարհում լսեն այդ արձագանքը, ապա նրանց համար Ադրբեջանի քայլը ավելի հասկանալի է լինելու, առավել եւս պարբերաբար ընդունվող հայտնի բանաձեւերի ֆոնին: Հասկանալի է լինելու, որ Ադրբեջանը ինչ որ պահանջներ ունի, իսկ ահա թե ինչու եւ ինչպես կարող է պատահել, որ այդ պահանջների դրսեւորման որեւէ ձեւ կարող է Հայաստանի համար լինել անսպասելի, դա թերեւս աշխարհի համար կարող է անհասկանալի լինել: Դա պետք է որ Հայաստանի համար առաջին հերթին լինի անհասկանալի եւ պետք է կատարվածից արվեն թե զինվորական կյանքի կազմակերպման վերաբերյալ, թե քաղաքական արձագանքների բովանդակության վերաբերյալ լուրջ հետեւություններ: Այլապես, կարծես թե ուրվագծվում է մի մտայնություն, որ զոհի կերպարը աշխարհում բավական շահավետ է եւ դիվանագիտորեն նպաստավոր: Թվում է, որ առաջին հերթին հենց հայերի համար պետք է պարզ լիներ, որ զոհի կերպարը ոչ մի բան չի տալիս, բացի ավելորդ էներգիա խլելուց: Ավելին, ըստ երեւույթին զոհի բարդույթը հայության մտածողության եւ հոգեբանության մեջ այնքան խորն է նստած, որ նույնիսկ 1990-ականների առաջին կեսի ռազմական հաջողությունները ի զորու չեղան այն հաղթահարելու եւ հետագա տարիների ընթացքում այդ բարդույթը թերեւս արեց իրենը, ռազմական հաղթանակը վերածելով քաղաքացիական բեռի, որի մի մասից ազատվելը սկսեց դիտվել “երջանկության մեխանիկա”: Եթե որեւէ մեկին թվում է, թե աշխարհի համար հասկանալի, ընկալելի եւ գնահատելի է լինելու “երջանկության հայկական բանաձեւը”, ապա դա թերեւս մոլորություն է, որովհետեւ այդ բանաձեւը կարեկցանքից ավելի չի կարող ոչինչ առաջ բերել: Իսկ միջազգային քաղաքականությունն ամենեւին էլ կարեկցանքի վրա չէ, որ կառուցվում է, այլապես “ազատության մարդասիրական նավատորմը” հիմա Գազայի ճանապարհը ջրի ճամփա դարձրած կլիներ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: