Monday, June 21, 2010

Բաքուն բարձրացնում է շանտաժի նշաձողը. Գագիկ Մինասյան

Tert.am. 21-6-2010- «Ալիևը կտրուկ դեմ էր սանկտպետերբուրգյան հանդիպմանը, որովհետև գիտեր, որ այնտեղ էական զարգացումների ականատես կամ մասնակից չէր կարող լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացն ընթանում է մի տրամաբանությամբ, որը, բնականաբար, չէր կարող ձեռք տալ ադրբեջանական կողմին. «Գործընթացը զարգանում է այն տրամաբանությամբ, որի մասին մենք ասում էինք՝ խնդրի կարգավորման առանցքը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է։ Գործընթացն Ադրբեջանի համար ցանկալի հունով չի ընթանում, գործընթացն ընթանում է խնդրի ճիշտ ընկալման և ճիշտ լուծման ճանապարհներով»։ Մինասյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը ճնշումների արդյունքում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ։ «Ես համոզված եմ, որ ինքը դեռ մեկնելուց առաջ էր ծրագրավորել այդ ստոր սադրանքը։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նա չուզեց այդ սադրանքի իրականացման պահին լինել Սանկտ Պետերբուրգում, որովհետև այնտեղ միջազգային լրատվամիջոցների տարափի տակ նա անպայման պետք է ներկայացներ իրենց ձգտումները, այն է՝ Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը»,- մանրամասնեց բանախոսը։ Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին և հատկապես եռանախագահող երկրներին, ապա, ըստ Մինասյանի, նրանք պետք է էլ ավելի խստացնեն իրենց վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ. «Որովհետև ակնհայտ է դառնում՝ եթե անընդհատ Ադրբեջանում ուժի դիրքերից հիմնախնդրի լուծման ուղղությամբ հիստերիա է ծավալվում, դա պարբերաբար տալու է նման ցավալի հետևանքներ»։ Համանախագահող երկրները տարբեր մակարդակներով պետք է զգոնության կոչ ուղղեն Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը, Մինասյանի խոսքով, բարձրացնում է շանտաժի նշաձողը։ Այդ դեպքում, Մինասյանի կարծիքով, Ադրբեջանի իշխանություններն իրենց սանձարձակ պահվածքը կվերանայեն։ Ըստ նրա՝ բանակցային գործընթացը պետք է խորացնել. «Սա խնդրի լուծման, չեմ ուզում ասել հայանպաստ, բայց ճիշտ տարբերակն է»։

No comments: