«Ազատություն» 15-6-2010- Այսօր Ստամբուլում մեկնարկած թուրք ծովակալների նկատմամբ դատավարությանը Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները ցանկանում են մասնակցել` հայցվորի կարգավիճակով, ինչը նրանց հնարավորություն կտա ծանոթանալ գործին կցված փաստաթղթերին ու տեղ գտած բոլոր ապացույցներին։
«Ակոս»-ի փաստաբաններից Ֆեթհիե Չեթինը համոզված է, որ Ստամբուլի 12-րդ Գերագույն Քրեական դատարանում մեկնարկած դատավարությունը կարող է «լույս սփռել Հրանտ Դինքի սպանության որոշ հանգամանքների վրա»։
Հիշեցնեմ, Թուրքիայի ռազմածովային ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ մեղադրվում են պետական հեղաշրջման ծրագիր մշակելու եւ դրա մի շարք փուլերը իրագործելու մեջ։
«Քաֆես» («Վանդակ)» կոչվող գործողությունների ծրագրի համաձայն, Թուրքիայում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է հարձակումների թիրախ դառնային, ինչն էլ, իր հերթին, երկրում քաոսային իրավիճակի կհանգեցներ` բավարար պայմաններ ստեղծելով քաղաքական կյանքին բանակի միջամտության համար։
65 էջանոց մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ հարձակումների հիմնական թիրախների թվում են եղել նաեւ «Ակոս»-ի խմբագրակազմն ու թերթի մշտական ընթերցողները։ Քննիչները մեղադրյալի աթոռին հայտնված սպաներից մեկի համակարգչում հայտնաբերել են նաեւ «Ակոս»-ի բաժանորդների ցանկը։ Ենթադրաբար, «Ակոս»-ի մշտական ընթերցողներին պետք է սպառնալից բնույթի նամակներ ուղարկվեյին։
«Ակոս»-ի խմբագրի տեղակալ Սարգիս Սերոբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ հենց այս բացահայտումն էր, որ ստիպեց փաստաբան Ֆեթհիե Չեթինին ակտիվ գործողությունների դիմել։
«Չեթինն աշխատում է, որպեսզի այդ ցանկում տեղ գտած անձանցից գոնե մի քանի տասնյակը դիմեն դատարան` պահանջելով իրենց որպես հայցվոր ներգրավել դատական գործընթացքում», - նշում է Սերոբյանը` հավելելով. - «Բաժանորդների ցանկը «Ակոս»-ի համակարգիչներում էր, սակայն [մեղադրյալները] ինչ-ինչ ձեւերով կարողացել են հայթայթել այդ տեղեկատվությունը»։
Ի դեպ, հետաքննությունը պարզել է, որ Ռազմածովային ուժերի շտաբում մշակված «Քաֆես» ծրագիրը բաղկացած է եղել մի քանի փուլերից, որոնցից մեկն էլ հենց Դինքի սպանությունն էր։
«Եթե գոյություն է ունեցել այսպես կոչված երրորդ փուլ, ուրեմն եղել են նաեւ դրան նախորդող երկու փուլեր եիս», - լրագրողների հետ զրույցում նշել է Չեթինը` հավելելով. - «Կարծում եմ, որ Դինքի սպանությանը նախորդող փուլերի հետաքննությունը այս հանցագործության նոր մանրամասներ կարող է ի հայտ բերել»։
Նշենք, սակայն, որ Ֆեթհիե Չեթինը երկու ամիս առաջ մեկ անգամ արդեն փորձեց հանդես գալ միջնորդությամբ` պահանջելով «Ակոս»-ի պատասխանատու խմբագիր Արիս Նալջիին որպես հայցվոր ներգրավել այսպես կոչված «Փոյրաքյոյի» գործում։ (Այս քրեական գործի շրջանակներում թուրք իրավապահները փորձում են պարզել, թե ում է պատկանել կրոնական փոքրամասնությունների դեմ հարձակումների ժամանակ կիրառված զենքը)։
Սարգիս Սերոբյանի համոզմամբ, սակայն, այն իրողությունը, որ «Ակոս»-ը թուրք ազգայնականների հիմնական թիրախներից մեկն է, պատահական չէ։
«96-ից ի վեր «Ակոս»-ը հայության ձայնը լսելի դարձրեց թե' Թուրքիայում եւ թե' ողջ աշխարհում։ Բնական է, որ դա չէր կարող դուր գալ Թուրքիայի ազգայնական ուժերին։ Նրանք արեցին ամեն ինչ` «Ակոս»-ի աշխատանքը խափանելու համար, փորձում էին ստիպել, որպեսզի Դինքը հեռանա այս երկրից, ի վերջո` սպանեցին նրան», - ասաց Սերոբյանը։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment