Wednesday, June 16, 2010

Հայ պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ են խորհրդանշում Հայաստանի պետական դրոշի երեք գույները

News.am. 15-6-2010- Հունիսի 15-ը պետականորեն նշվում է որպես հայկական դրոշի՝ եռագույնի օր։ NEWS.am-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Հայաստանի պետական, քաղաքական գործիչներն ու պատգամավորները տեղյակ են, թե ի՞նչ են խորհրդանշում հայկական դրոշի երեք գույները՝ կարմիրը, կապույտը եւ նարնջագույնը։ Նշենք, որ մեր հարցը լսելուն պատգամավորներից շատերը բարկացան՝ մեզ մեղադրելով «պրիմիտիվ հարցեր տալու» տալու եւ «ձեռ առնելու» մեջ, իսկ ոմանք էլ անջատեցին հեռախոսները՝ հավանաբար հարցի պատասխանը չիմանալու պատճառով։ Ներկայացնում ենք մեր հարցին պատասխանած գործիչների պատասխանները՝ առանց խմբագրման։ Էռնեստ Սողոմոնյան, ԲՀԿ խմբակցություն- «Լա՛վ էլի, ձեռ ե՞ս առնում...ուրիշին զանգի, տենց խրթին հարցեր տուր....Եղա՞վ, բալիկ ջան»։ Պարոն Սողոմոնյանը հեռախոսից հեռացավ եւ դիմելով ընտանիքի անդամներին՝ ասաց. «Ինձ հարցնում են՝ գիտե՞ք, որ էսօր եռագույնի օրն ա»։ Ի պատասխան ընտանիքի կին անդամներից մեկը ասաց. «Ասա, դուք միթամ գիտե՞ք, որ հարցնում եք...»։ Մենք ստիպված եղանք անջատել հեռախոսը, չնայած եռագույնի թեմայով խոսակցությունը դեռեւս շարունակվում էր պարոն Սողոմոնյանի եւ նրա ընտանիքի անդամների միջեւ։ Ռաֆիկ Պետրոսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցութան անդամ, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. «Սպասի հլը, պառկած եմ....Մի հատ վեր կենամ, խելքս գլուխս գա....Ուրեմն կարմիրը.....Լավ, պառկած եմ, էլի, խելքս գլուխս չի գալիս դեռ....»։ Երկու րոպե մտածելուց հետո ասաց, որ չի հիշում եւ անջատեց հեռախոսը։ Շիրակ Թորոսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցություն. «Եռագույնը երեք գույն է՝ կապույտ, կարմիր եւ նարնջագույն։ Կապույտը խորհրդանշում է մեր խաղաղ երկինքը, կարմիրը հայ ժողովրդի թափած արյունը ազգային ազատագրական պայքարում, իսկ ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի աշխատասեր ոգին։ Այս ձեւակերպումները ընդունվել են Առաջին Հանրապետության տարիներին եւ ընդհանուր տարածված ձեւակերպումը սա է, ես մի անգամ կարդացել եմ Հայաստանի Հանրապետության օրենքը դրոշի մասին, սակայն լավ չեմ հիշում գույների վերաբերյալ ձեիւակերպումները»։ Վարդան Բոստանջյան, ԱԺ ԲՀԿ խմբակցություն. «Նարինջը, ավելի ճիշտ ծիրանագույնը, երեւի թե մեր երկրում էդ բանն ա...Կարմիրը երեւի պայքարի գույնն է, իսկ կապույտն էլ հստակ չեմ իմանում, գիտե՞ք։ Բայց գիտեմ, որ այսօր մեր դրոշի օրն է։ Կներեք, ես պարզապես ավելի հետեւողական չեմ եղել։ 2006 թվականին, որ օրենքն ընդունել են, իհարկե դա պատճառաբանություն չէ, բայց ես պատգամավոր չեմ եղել»։ Հեղինե Բիշարյան, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար. «Սկսել եք երրորդ դասարանի դասընթացներ տանել մեզ հետ, հա՞....Ավելի լուրջ հարցով զանգեք՝ կպատասխանեմ, լա՞վ։ Ուղղակի ձեր հարցադրումը ճիշտ չեք անում, գեղեցիկ չի, ավելի լուրջ հարց տվեք։ Ձեր հարցը մենք արդեն երրորդ դասարանից գիտենք»։ Արծվիկ Մինասյան, ԱԺ ՀՅԴ խմբակցություն. «Լավ է, որ նշվում է եռագույնի օրը։ Կապույտը՝ խաղաղ երկինքն է, կարմիրը, եթե չեմ սխալվում՝ արյունը, իսկ ցորենագույնը՝ հացը։ Ես չեմ հիշում, թե ինչ ձեւակերպումներ են տրված օրենքում, ուղղակի փորձեցի տրամաբանությունս շարժել ու հիշել»։ Գրիգոր Հարությունյան, ՀԺԿ քարտուղար- «Էդ ինչի՞ եք այդպիսի հարց տալիս...Նարնջագույնը խորհրդանշում է մեր ժողովրդի աշխատասիրությունը, կարմիրը՝ արյունով ձեռք բերված մեր պատմությունն է, մեր հաղթանակները, իսկ կապույտն էլ խաղաղությունն է»։ NEWS.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանից։ Հարցին՝ ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ թեեւ երկրում նշվում է պետական դրոշի օրը, սակայն պետական, քաղաքական այրերը տեղյակ չեն, թե ինչ են խորհրդանշում դրոշի գույները, Խառատյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ շատ աշխարհներ կամ երկրներ կլինեն, որոնց պետական այրերը իրենց երկրի սիմվոլների մեկնաբանությանը տեղյակ կլինեն։ Բայց մյուս կողմից, շատ լավ կլինի այդ սիմվոլների իմաստն իմանալ եւ դրանք որպես բարոյական արժեքներ իմաստավորել։ Կարծում եմ, որ դրոշի գործառույթն էլ շատ հաստակ չի գիտակցվում ժողովրդի կողմից եւ մենք դրոշի օգտագործման մշակույթից զգալիորեն հեռու ենք։ Ուստի պետք է աշխատանք տանել՝ այդ մշակույթի ձեւավորման ուղղությամբ»։ Նշենք, որ ըստ 2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը սահմանում է եռագույն դրոշի երեք գույների խորհուրդը։ Ըստ այդմ՝ կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: Հեղինե Մանուկյան

No comments: