Monday, June 21, 2010

Հայաստանին Իրանի և Վրաստանի հետ կապում են դարավոր բարեկամական կապեր. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 21-6-2010- Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս իր այն անմիջական հարևան պետությունների հետ հարաբերություններին, որոնց հետ գործընկերությունն ունի բարեկամական համագործակցության բնույթ։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Հայաստանին Իրանի հետ կապում են ավանդաբար բարեկամական հարաբերությունները։ Մենք իրագործում ենք բազմաթիվ փոխշահավետ նախագծեր, մասնավորապես, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։ Օրակարգում են նոր տնտեսական նախագծեր։ Մենք ուշադիր հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացմանը և կարծում, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով։ Հուսով ենք, որ Իրանի և միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի համաձայնեցված լուծման»,- ասել է Նալբանդյանը։ Վրաստանի առնչությամբ նա ասել է, որ չի կարծում, որ կան այնպիսի հարցեր, որոնք մենք «չկարողանանք լուծել համատեղ ջանքերով»։ «Հայաստանը այն երկրներից է, որը ծայրաստիճան շահագրգռված է կայուն, անվտանգ ու բարգավաճող Վրաստանով։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեր ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը կատարվում է Վրաստանի միջոցով, և այնտեղ բնակվում է հայկական մեծաթիվ սփյուռք, այլև որովհետև մեր երկու երկրներին կապում են բարեկամության և բարիդրացիության դարավոր կապեր»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

No comments: